Մի քանի խորհուրդ՝ ճիշտ դիմահարդարվելու համար


22:50 , 4 հուլիս, 2013

Aysor.am-ը գրում է.

Եթե ցանկանում եք, որ Ձեր դիմահարդարումը ճիշտ լինի, հետևեք մասնագետի խորհուրդներին, որոնք կարող են ճիշտ օգնական և ուղեցույց լինել Ձեզ համար: Այսպիսով`

1. Դիմահարդարվեք բնական լույսի ներքո, այն հնարավորություն է տալիս ավելի լավ նկատել Ձեր դեմքի թերությունները և օգնում է ճիշտ շտկումներ կատարել:

2. Դեկորատիվ կոսմետիկան օգտագործեք փափկեցնող քսուքից (կրեմ) մի քանի րոպե անց: Ոչ մի դեպքում մի քսեք սնուցող կրեմը կոպերին, այլապես ստվերաներկը կլինի ոչ հարթ:

3. Մի չարաշահեք դիմափոշին, քանի որ անընդհատ ծածկելով թերությունները, Դուք չեք էլ նկատի ինչպես ծանրաբեռնեցիք մաշկը: Միևնույնն է, Ձեր դեմքին ոչ ոք խոշորացույցով չի նայում:

4. Երբեք մի օգտագործեք միաժամանակ տարբեր տոնային կրեմներ: Դրանց տարբերությունը բոլորն էլ կզգան՝ անգամ անզեն աչքով: Պետք է ընտրել հնարավորինս մաշկի գույնին մոտ տոնային կրեմ: Ցանկալի չէ բաց գույնի մաշկի վրա շատ մուգ տոնային կրեմը: Այն շատ արհեստական է թվում:

5. Ստվերաներկ օգտագործելու դեպքում՝ նախապես կոպերին մի փոքր դիմափոշի քսեք, այդպես ստվերաներկն ավելի երկար կմնա:

6. Աշխատեք խուսափել հատկապես կապույտ, կանաչ, փայլուն ստվերաներկերից, դրանք նախատեսված են հիմնականում տոնական օրերի համար և առօրյայում ավելի արհեստական են դարձնում դեմքը:

7. Մինչ շուրթերը ներկելը, քսեք փափկեցնող կրեմ կամ բալզամ շուրթերի համար: Դա կօգնի փափկեցնել կոշտ շուրթերը, և շրթներկը շատ ավելի հարթ կնստի:

8. Որպեսզի շրթներկն ավելի կայուն լինի և երկար ժամանակ մնա շուրթերին, մինչ շրթներկ քսելն օգտագործեք շուրթերի համար նախատեսված մատիտ: Այդպես ավելի հագեցած և կայուն գույն կստանաք: