Գերմանիան միլիարդավոր եվրոներ կներդնի էլեկտրամոբիլների արտադրության բնագավառում


00:21 , 6 նոյեմբեր, 2019

Մինչև 2035 թվականը Գերմանիան կներդնի 3,5 միլիարդ եվրո էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման կայանների կառուցման համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ գրում է Reuters- ը:

Ըստ նրա՝ մինչև 2030 թվականը Գերմանիայում պետք է հայտնվեն 20 միլիոն լիցքավորման կայաններ: Մերկելը կոչ է արել ավտոարտադրողներին և կոմունալ տնտեսություններին ՝ օգնել երկրում ստեղծելու այդ ենթակառուցվածքները:

Գերմանիայի կառավարությունը նախատեսում է, որ մինչև 2030 թվականը ճանապարհներին կլինի 10 միլիոն էլեկտրական մեքենա: Այս նպատակը երկրի ռազմավարության մի մասն է, որի շրջանակներում Գերմանիան ձգտում է առաջ անցնել ամերիկյան և չինական ավտոմոբիլային արդյունաբերություններից, որոնք ներկայումս էլեկտրական մեքենաների ոլորտում աշխարհի առաջատարներն են:

Մերկելը հայտարարությունն արել է Ցվիկաու քաղաքում գտնվող «Ֆոլքսվագեն»-ի գործարանում, որտեղ սկսվում է 30 հազար եվրո արժողությամբ ID.3 էլեկտրական մեքենայի արտադրությունը: Ըստ կանցլերի՝ ձեռնարկությունը հանդիսանում է գերմանական ներկայիս ավտոմոբիլային արդյունաբերության հիմնասյունը և դրա ապագան: