Հայաստանի մայրաքաղաք Երևանը ճամփորդության, սննդի և գինու իսկական գանձարան է. Forbes-ի անդրադարձը Երևանին


20:30 , 5 նոյեմբեր, 2019

Forbes ամսագիրն անդրադարձ է կատարել Երևանին.

«Երևանն անվտանգ, հյուրընկալ և շարժուն քաղաք է՝ գրավիչ ճարտարապետությամբ և հարուստ պատմությամբ: «Վարդագույն քաղաքն» այս գույնն է ստացել է, քանի որ շենքերի մեծ մասը կառուցված է հրաբխային տուֆից:

Այցելությունը սկսեցինք Կասկադ համալիրից, որը հսկայական աստիճանահարթակ է՝ կառուցված 1980 թ., և իրար է միացնում քաղաքի երկու հատվածները: Այստեղ գործում է նաև արվեստի կենտրոն և շարժասանդուղք նրանց համար, ովքեր չեն ցանկանում ավելի քան 500 աստիճան բարձրանալ:

Մինչ Կասկադ հասնելը կհանդիպեք Ալեքսանդր Թամանյանի արձանին, ով Երևանի հատակագծի հեղինակն է: Նա նաև նախագծել է քաղաքի օպերային տան շենքը:

Կասկադից քիչ հեռու գտնվում է Օպերայի և բալետի թատրոնը, և թատրոնից սկսած կես ժամ քայլելու դեպքում կհասնեք Հանրապետության հրապարակ: Հրապարակն օվալաձև տեսք ունի և շրջափակված է կառավարական շենքերով, Շահումյանի այգով և «երգող շատրվաններով»: Սակայն մինչ հրապարակ հասնելը այցելեք Պուշկին փողոցի վրա գտնվող «Դոլմամա» ռեստորան, որը ժամանակին հյուրընկալել է Բորիս Ելցինին, ապա՝ Հիլարի Քլինթոնին, Ժերար Դեպարդիեին, Միշել Կենին, Ջորջ Քլունիին, Ուելսի արքայազնին, Քանյե Ուեսթին, Խուլիո Իգլեսիասին և այլ հայտնիների:

Ոսկենի գինիների գինեգործ Ալինա Մկրտչյանը պատմել է, թե ինչպես է գինու պատմությունը զարգացում ապրել վերջին հինգ տարիների ընթացքում:

«Տասը տարի առաջ մարդիկ խմում էին գարեջուր և օղի: Այսօր խմում են հայկական գինի: Մայիսին մեզ մոտ կայացան Երևանի գինու օրերը, և ունեցանք բազմաթիվ այցելուներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Թաիլանդից, Ճապոնիայից, Չինաստանից»:

Գինու օրերի արմատները բացահայտելու համար հարկավոր է հասնել այնտեղ, որտեղ Պուշկինի փողոցը հատվում է Սարյան փողոցի հետ: Այս հատվածը կոչվում է «գինու փողոց», քանի որ տոնի ընթացքում երկու օր շարունակ այն բաց է եղել միայն հետիոտների համար՝ առաջարկելով հայկական ազգային սնունդ և ավելի քան 200 հայկական գինի: Տոնն ուղեկցվել է ազգագրական պարերով ու երգերով:

Միջոցառումն անցկացնելու համար ընտրվել է հենց Սարյան փողոցը, քանի որ հենց այստեղ է վեց տարի առաջ բացվել քաղաքում առաջին գինու բարը՝ In Vino-ն:

In Vino-ում նստելը նմանվում էր իտալական 70-80-ականների գյուղական բար այցելության, որտեղ չկային վառ լույսեր ու ծուխ, սակայն հնչում էր բարձրաճաշակ երաժշտություն, երիտասարդները զվարճանում էին: Ես այստեղ հանդիպեցի մի բանաստեղծի, ով հրատարակել էր իր առաջին գիրքը, ինչպես նաև գինեգործի, որը եկել էր Հայաստան՝ նախագահի հետ հանդիպման:

Ուտելիքը հրաշալիորեն է մատուցվում քաղաքում և բանջարեղենների շատ ափսեներ կան: Գլխավոր ուտեստներից են ղափաման՝ բրնձով, խնձորով, մեղրով ու չամիչով լցոնված դդումը, լահմաջոն՝ առանց պանրի հայկական պիցցան, խորովածը և գաթան: Տավարի և գառան քաբաբը ևս հայտնի կերակուր է:

Երևան այցելելիս փորձեք ներկա գտնվել փառատոների: «Ոսկե ծիրան» ֆիլմերի միջազգային փառատոնը, ինչպես նաև Ազնվամորու փառատոնը հուլիսին են, իսկ Խորովածի փառատոնը՝ օգոստոսին:

Քաղաքում ջերմաստիճանը ձմռանը սառն է, իսկ ամռանը հասնում է 35 աստիճանի: Քաղաքում գործում է նաև փոքրիկ՝ 10 կայարանից բաղկացած ստորգետնյա մետրո, որը կառուցել են խորհրդային ինժեներները:

20 տարբեր երկրներից ուղիղ չվերթներ են իրականացվում դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան: ԱՄՆ քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել առանց վիզայի և մնալ մինչև 180 օր»: