Գործող կառավարության տրամաբանությունը վաղուց արդեն զարմանալի չէ


18:04 , 4 նոյեմբեր, 2019

ՀԱՅԱՍՏԱՆ, 2020
ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՈՒ ԿԵՍ ՏԱՐԵԿԱՆ ՉԷ: ԱՅՆ ՈՒՆԻ ԱՄՈՒՐ ԱՆՑՅԱԼ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԱՊԱԳԱ: ՄՆՈՒՄ Է՝ ՊԱՐԶԵՆՔ ՆԵՐԿԱՆ:

Գործող կառավարության տրամաբանությունը վաղուց արդեն զարմանալի չէ: Ըստ նրա՝ կյանքը Հայաստանում սկսվել է բոլորովին վերջերս՝ 2018թ. կեսերից: Մինչ այդ եղածը կա՛մ հետևողականորեն պետք է մոռանալ ու աղավաղել, կա՛մ էլ փնտրել ու գտնել միայն քրեականը: Իսկ եթե, այնուամենայնիվ, նախկինում կյանք եղել է, ապա պետք է այն քրեականացնել ու հայտարարել «մեղավորներին»:

ԱԺ-ում 2020 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները ևս առաջ են տարվում հենց վերոնշյալ տրամաբանությամբ: Հատկապես հետաքրքիր է, որ ցուցանիշների համեմատություններն արվում են ոչ թե 2019 թ.-ի, այլ 2018 թ. նկատմամբ: Իհարկե, իմաստ ունի, որովհետև պարզ, հասարակ քաղաքացիները դրանում չեն խորանում, իսկ արդյունքում թվերն ու ցուցանիշները էլ ավելի տպավորիչ են դառնում: Օրինակ՝ ՀՀ ՊՆ ռազմական ծախսերի 0,8% աճը լավ չի հնչում, հետևաբար, կարելի է ասել 25-26% աճ 2018 թ. նկատմամբ, ու այդպես մանիպուլյացիան տարեցտարի «կկատարելագործվի» ու կդառնա ավելի «էֆեկտիվ»:

Այնուամենայնիվ, 2018 թ. մայիսից առաջ էլ կյանք է եղել մեր երկրում, պետություն ենք ունեցել, քաղաքացիներ, որոնք բյուջեից տարիներով աշխատավարձ, նպաստ ու թոշակ են ստացել, տնտեսություն, որը տարեցտարի ամրացրել ու զարգացրել է իր կարողությունները՝ սնելով նաև պետական ու հանրային կյանքը, սոցիալական համակարգ, որը կայացել է գրեթե ոչնչից, իրավական համակարգ, որն արդեն մեկ տարի հետևողականորեն ոտնահարվում է ու դեռ էլի մնում է կանգուն, պետական բազմաթիվ ինստիտուտներ, որոնցից յուրաքանչյուրը, լավ թե վատ, կայացել ու ամբողջացրել է Հայաստան պետության ինստիտուցիոնալ կարգը:

Պետական ու հանրային բազմաբովանդակ ծախսերի կողքին միշտ էլ ուշագրավ են եղել ԶՈՒ կայացմանն ու զարգացմանն ուղղված հանրային միջոցները: Պետության պաշտպանությունը մի ամբողջական համակարգ է՝ բաղկացած բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներից: Մեզ համար բանակ պահելը շքեղություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն ու մեծ պատասխանատվություն, հետևաբար, ցանկանում եմ անդրադառնալ վերջին տասը տարիներին ՀՀ ԶՈՒ կարիքների համար հատկացված հանրային միջոցներին՝ ըստ պետական բյուջեի ցուցանիշների:

2008 թ. պաշտպանության նախարարության բյուջեն կազմել է 125,5 մլրդ դրամ, որից 120,5 մլրդ-ը զուտ ռազմական ծախսերն են եղել:

2009 թվականին ՊՆ բյուջեն կազմել է 149,6 մլրդ դրամ, որից 144,3 մլրդ-ն ուղղվել է ռազմական կարիքներին, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ պաշտպանական բյուջեն աճել է 19,2%-ով կամ 24,1 մլրդ դրամով:

2009 թ․-ին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության հետևանքով 2010 թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2009 թ. նկատմամբ նվազել են 17,2%-ով կամ 159,9 մլրդ-ով, հետևաբար, 2010 թ. ՊՆ բյուջեն համապատասխանաբար նախատեսվել էր 135,7 մլրդ (որից 130,3 մլրդ՝ զուտ ռազմական ծախսեր)՝ նախորդ 2009թ. համեմատ նվազելով 13,9 մլրդ-ով կամ 9,2%-ով: Հարկ է նկատել, որ պետական բյուջեի 19,2% կրճատման պարագայում պաշտպանական բյուջեն կրճատվել է 9,2%-ով:

2011 թ. ՊՆ բյուջեն կազմել է 146,2 մլրդ դրամ, որից 140,1 մլրդ-ն ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Ֆինանսական ճգնաժամից հետո մեկ տարվա ընթացքում այն գրեթե վերականգնել է 2009 թ. ցուցանիշը՝ աճելով մոտ 9%-ով:

2012 թ. պաշտպանական բյուջեն կազմել է 154,5 մլրդ, որից 148,3 մլրդ-ը հատկացվել է ռազմական կարիքներին:

2011 թ. բյուջեի նկատմամբ 2012 թ. ռազմական բյուջեն ավելացել է 8,3 մլրդով կամ 5,6%-ով:

2013 թ. ՊՆ բյուջեն կազմել է 182,7 մլրդ դրամ, որից 176,3 մլրդ դրամն ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Այսինքն՝ 2012 թ. նկատմամբ 2013 թ.-ին պաշտպանական բյուջեն ավելացել է 28,2 մլրդ-ով կամ 18%-ով:

2014 թ. ՊՆ բյուջեն կազմել է 194,1 մլրդ դրամ, որից 187,1 մլրդ դրամը հատկացվել է ռազմական կարիքներին: 2013 թ. համեմատ 2014 թ. պաշտպանական բյուջեն աճել է 11,4 մլրդ դրամով կամ 6,2%-ով:

2015 թ.-ին պաշտպանության ոլորտի բյուջեն կազմել է մոտ 199 մլրդ դրամ, որից 191,6 մլրդ-ը՝ ռազմական պաշտպանությանը: 2014 թ.-ի համեմատ ՊՆ բյուջեն ավելացել է 4,9 մլրդ դրամով կամ 2,5%-ով:

2016թ. ՊՆ բյուջեն կազմել է մոտ 207,3 մլրդ դրամ, որից 199,6 մլրդ դրամը հատկացվել է ռազմական պաշտպանության ապահովման ծախսերին: 2015 թ. նկատմամբ պետության պաշտպանական ծախսերը 2016 թ․-ին փաստացի աճել են 8,3 մլրդ դրամով կամ 4,15%-ով:

2017 թ. ՊՆ բյուջեն կազմել է 209,8 մլրդ դրամ, որից 202,1 մլրդ-ը՝ զուտ ռազմական կարիքների համար: 2016 թ. նկատմամբ 2017թ. բյուջեն ավելացել է 2,5 մլրդ դրամով կամ 1,2%-ով:

2018 թ. (ի նկատի ունեցեք, որ այն ևս պլանավորել և ընդունել են նախորդ «ռեժիմի» ներկայացուցիչները ներկայիս իշխանավորող շատ պետական պաշտոնյաների հետ մեկտեղ) պաշտպանական բյուջեն կազմել է 247,9 մլրդ դրամ (516,5 մլն ԱՄՆ դոլար), որը նախորդ 2017 թ. նկատմամբ ավելացել է 38,1 մլրդ դրամով կամ 18,1%-ով: Ռազմական պաշտպանությանը 2018 թ. տրամադրվել է 238,2 մլրդ դրամ, որը 2017 թ. համեմատ ավելացվել է 36,1 մլրդ դրամով:

Հարկ է ի նկատի ունենալ, որ 2015 թ. ստորագրվել և վավերացվել է ՌԴ-ից ՀՀ-ին ռազմական նշանակության կարիքների համար 200 մլն ԱՄՆ դոլարի (96 մլրդ ՀՀ դրամ) արտոնյալ միջպետական վարկը, որն ամբողջովին ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Համաձայնագրով նախատեսված սպառազինությունն ու տեխնիկան ամբողջովին մատակարարվել են 2016-2017 թթ. ընթացքում: Բացի այդ՝ 2017 թ. ՌԴ հետ ստորագրվել է մեկ այլ ռազմական նշանակության արտոնյալ համաձայնագիր, որով ՀՀ ռազմական կարողություններն ավելացվել են ևս 100 մլն ԱՄՆ դոլարին (48 մլրդ դրամ) համարժեք սպառազինությամբ:

Նշեմ նաև, որ 2017-ի հուլիսին ՀՀ կառավարությունն՝ ի դեմս ֆինանսների նախարարի, հայտարարել էր, որ պաշտպանության նախարարության ծախսերը նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կլինի համախառն ներքին արդյունքի 4 տոկոսի պայմաններում: Դրա նպատակը ոչ թե անվանական որևէ ծավալի ռազմական բյուջե ունենալն է, այլ ռազմական ծախսերին ուղղվող գումարը հենց ՀՆԱ 4%-ին հասցնելը (մոտ 600 մլն դոլար մինչև 2020 թվականը):

2019 թ. ՊՆ բյուջեն կամել է 311 մլրդ դրամ (650 մլն ԱՄՆ դոլար), որից 300,4 մլրդ-ը նախատեսվել է ռազմական պաշտպանության ծախսերի համար: 2018 թ. համեմատ պաշտպանական բյուջեն ավելացել է 63,1 մլրդ դրամով կամ 25,4%-ով:

2020 թ. պաշտպանության նախարարության բյուջեի նախագծով նախորդ տարիների աճի տեմպը անկում է ապրել, մասնավորապես՝ ռազմական պաշտպանությանն ուղղված ծասերի առումով՝ ընդամենը մոտ 0,8%-ով: Սա բացատրվում է նրանով, որ զուտ ռազմական ծախսերը չեն կարող գերազանցել ՀՆԱ 4%-ը, ինչն այսօրվա դրությամբ կազմում է 625 մլն ԱՄՆ դոլարին համարժեք:

Գործող կառավարությունը եթե չկարողանա հաջորդ տարիներին ավելացնել ՀՆԱ ծավալները, ապա պաշտպանական համակարգի և հատկապես ռազմական նշանակության ծախսերի աճն, ըստ էության, սահմանափակվելու է 2020 թ. եղածով: Սա նշանակում է, որ պոպուլիզմն ու սոցիալական թոզփչոցին այլևս օրակարգային ու կարևոր չեն լինելու, և բոլորս պետք է սևեռված լինենք մեր երկրի տնտեսական զարգացմանը:

Վերջում ընդգծեմ, որ ժողովրդավարական իշխանափոխության արդյունքում առաջացած թավշյա խառնաշփոթը չպետք է մեզ կտրի իրականությունից: 2008-2018 թթ. (2019 թ. բյուջեն ներառյալ, քանի որ այն նախկին տնտեսական քաղաքականության իներցիոն արդյունքներն են)՝ 10 տարիների ընթացքում, բացառությամբ 2010 թ., մնացյալ բոլոր տարիներին ՀՀ ՊՆ բյուջեն հետևողական աճ է գրանցել՝ 125,5 (120,5 մլրդ ռազմական ծախսեր) մլրդ դրամից հասնելով 247,9 (238,2 մլրդ ռազմական ծախսեր) մլրդի (կրկնակի աճ): Բյուջետային այս միջոցներին պետք է ավելացնել նաև ՌԴ-ից ստացված 300 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով երկու վարկային միջոցները, որոնք վերջին երեք տարիներ համար հավելյալ մեծ ներդրում էին ՀՀ ԶՈՒ պաշտպանողական և հարձակողական կարողությունների ավելացման համար: