Այս տղամարդը Հնդկաստանից հեծանիվով հասավ Եվրոպա՝ իր սիրած աղջկան տեսնելու համար. անհավանական սիրո պատմություն, իսկ ի՞նչ եղավ վերջում


16:30 , 4 նոյեմբեր, 2019

Պրադյումնա Կումար Մահանանդիան հասարակ հնդիկ երիտասարդ էր, ով ծնվել էր հնդկական գյուղում, և ում ծնվելուց հետո նրանց գյուղի հոգևորականը մի կարևոր գուշակություն արեց. տղան մեծանալու ու ամուսնանալու է երաժիշտ աղջկա հետ, ով անտառ է ունենալու։ 

Անցան տարիներ. 1975 թ.-ն էր, երբ Պրադյումնան աշխատում էր փողոցում որպես նկարիչ, որպեսզի կարողանար ապահովել իր գոյությունը։ Մի օր էլ նրա կողքով անցնում է մի շիկահեր ու կապուտաչյա գեղեցկուհի, ով խնդրում է, որ իր դիմանկարն անի երիտասարդը։ Պրադյումնան այնքան է տարվում աղջկանով, որ դժվարությամբ է կարողանում ուշքի գալ։ Նրա ձեռքերը դողում են նկարելիս, ու նկարը լավ չի ստացվում։ 

Այդ ժամանակ էլ մեր հերոսը խնդրում է աղջկան, որ վերջինս հաջորդ օրն էլ գա։ Աղջիկը՝ Շառլոտան, չի մերժում։ Նա գալիս է նաև հաջորդ օրը, ու այսպես երիտասարդը հասցնում է 3 անգամ նկարել նրան։ Վերջին անգամ նկարելիս նա խնդրում է Շառլոտային, որ համաձայնվի իր հետ ընթրել։ Ի զարմանս երիտասարդի՝ Շառլոտան սիրով համաձայնվում է։ Նա նշում էր, որ անգամ առաջին օրը զգում էր, որ իրենց միջև անսովոր ձգողականություն կա։ 

Այսպես՝ Շառլոտան ու Պրադյումնան հանդիպում են ու հասկանում, որ սիրահարված են իրար։ Նրանք երկու շաբաթ իրարից չեն կարողանում կտրվել, իսկ վերջում Շառլոտան ստիպված է լինում վերադառնալ Շվեդիա՝ իր հայրենիք։ Անցնում է մեկ տարի։ Պրադյումնան հասկանում է, որ այլևս չի կարող ապրել առանց իր սիրելիի։ Նրանք միայն կարողանում են նամակներով շփվել, ու երիտասարդն այլևս չի կարողանում դիմանալ կարոտին. մինչև ե՞րբ պետք է հանդուրժեր այդ հեռավորությունը։ 

Այդ ժամանակ է, որ նա որոշում է կայացնում. պետք է ամեն ինչ թողնի, հեծանիվ գնի ու գնա իր սիրելիի մոտ։ Այդպես էլ անում է։ Իր վերջին գումարով հնդիկը հեծանիվ  է գնում ու սկսում իր սիրային խելահեղ ճանապարհորդությունը։ Ճանապարհորդությունը բավականին դժվար էր։ Նա ստիպված էր հեծանիվ վարել ամեն օր շուրջ 70 կմ։ 

Երիտասարդը նշում է, որ իրեն ամբողջ ճանապարհին ուժ են տվել արվեստն ու այն միտքը, որ սիրելին իրեն է սպասում։ Նա ճանապարհին նկարներ էր անում ու դրանով շարունակում գումար վաստակել։ 1977 թ.-ին խիզախ սիրահարը հասավ նպատակին․ նա Շվեդիայում էր։ 

Շառլոտան ուղղակի չէր հավատում իր աչքերին։ Նա անչափ ուրախ էր, որ իրենք կարող են վերջապես միասին լինել։ Շառլոտի ծնողները սկզբում չափազանց վատ էին վերաբերվում աղջկա ընտրությանը, սակայն ժամանակի հետ դրա հետ համակերպվեցին։ 

Այժմ Պրադյումնան 65 տարեկան է։ Նա իր նկարչական ստուդիան ունի ու շարունակում է զբաղվել նկարչությամբ։ Ինքն ու Շառլոտը երկար տարիներ է, ինչ ամուսնացած են, ունեն երկու երեխա ու չափազանց երջանիկ են։ Մինչև հիմա Պրադյումնայի անհավանական պատմությունը շարունակում է զարմացնել շատերին, սակայն ամենազարմանալին այն է, որ Շառլոտն իրոք երաժիշտ է ու ունի իր սեփական անտառը. գուշակությունը մինչև վերջ կատարվեց։