ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է Ռուսաստանի հետ Թրամփի հնարավոր կապերի վերաբերյալ փաստաթղթեր հրապարակել


05:30 , 4 նոյեմբեր, 2019

2016-ի նախագահական մրցավազքի ժամանակ Դոնալդ Թրամփը բազմիցս, մասնավոր կերպով, իր ենթակաների հետ քննարկել է, թե ինչպես կարելի է հասանելություն ստանալ իր մրցակից Հիլարի Քլինթոնի գողացված էլեկտրոնային նամակագրությանը: Այս մասին հաղորդել են CNN և BuzzFeed պարբերականները, որոնք ԱՄՆ արդարադատության նախարարությունից պահանջել են հրապարակել Ռուսաստանի հետ Թրամփի հնարավոր կապերի հետաքննությանը վերաբերող փաստաթղթերը, հայտնում է dw.com-ը:

Լրատվամիջոցները դատարանի միջոցով կարողացել են հասնել ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից Ռուսաստանի գծով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի նշումների հրապարակմանը: Փաստաթղթերի առաջին փաթեթը ներառում է Մյուլերի թիմի կողմից Մոսկվայի և Թրամփի նախընտրական շտաբի միջև հնարավոր դավադրության հետաքննության շրջանակներում հավաքված գրեթե 300 էջ ծավալով նյութեր:

Մասնավորապես, հրապարակված փաստաթղթերի մեջ կա Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարի նախկին տեղակալ Ռիկ Գեյթսի հետ ՀԴԲ գործակալների զրույցների գաղտնազերծումը: Ինչպես երևում է նյութերից, Գեյթսը ներկա է եղել զրույցի ընթացքում, երբ Թրամփը պահանջել է «ձեռք բերել էլեկտրոնային նամակները», որոնք, ինչպես պարզել են ամերիկյան հատուկ ծառայությունները, գողացվել են ռուսների կողմից: ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը, Գեյթսի խոսքերով, ասել է, որ կարող է օգտագործել իր հետախուզական աղբյուրները նամակները ստանալու համար:

Բացի այդ, հրապարակված նյութերում առկա է Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնի նամակագրությունը նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ: Այնուամենայնիվ, հետաքննության նյութերի մեծ մասը դեռ չի հրապարակվել և դեռևս խմբագրվում է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից: