Վրացական Imedi հեռուստաալիքը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ կիբերհարձակման է ենթարկվել


23:15 , 3 նոյեմբեր, 2019

Վրացական «Imedi» հեռուստաընկերությունը երկրորդ անգամ հզոր կիբերհարձակման է ենթարկվել վերջին յոթ օրվա ընթացքում: Այս մասին ասվում է կիրակի օրը հեռուստաալիքի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Հաքերների հարձակումը գրանցվել է նոյեմբերի 2-ին, ժամը 21:30-ին և տևել է 30 րոպե: «Imedi»-ի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների տվյալների համաձայն, հեռուստաընկերության ցանց ֆայլերը վնասող կրիպտովիրուս է ներթափանցել:

Ներկայումս ընթանում է համակարգի վերականգնումը: Հասցված վնասի չափը դեռ հաստատված չէ»,- ասվում է հայտարարության մեջ:

Առաջին անգամ «Imedi»-ին կիբերհարձակման է ենթարկվել հոկտեմբերի 28-ին: Այդ ժամանակ, «Imedi»-ի հետ միասին, զանգվածայն հարձակման էին ենթարկվել նաև «Մաեստրո» և GDS հեռուստաալիքները, որոնք նույն մեդիահոլդինգի մաս են կազմում:

Հոկտեմբերի 28-ին Վրաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիք»-ի ղեկավարությունը հայտարարել է կիբերհարձակման մասին:

Հեռուստաալիքներից բացի, հոկտեմբերի 28-ին հարձակման է ենթարկվել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական կայքը: Անհայտ անձինք կոտրել էին Զուրաբիշվիլի պորտալը և այնտեղ տեղադրել պետության նախկին ղեկավար Միխայիլ Սահակաշվիլիի լուսանկարը՝ I`ll be back («Ես կվերադառնամ») մակագրությամբ: Վրացական ԶԼՄ-ները հայտնել են, որ մի շարք պետական գերատեսչությունների կայքերը նույնպես ենթարկվել են զանգվածային հարձակման: