Աննա Չապմանը ամուսնության առաջարկություն է արել Սնոուդենին


19:43 , 4 հուլիս, 2013

Lragir.am- ը գրում է.

Ռուս հայտնի լրտեսուհի Աննա Չապմանը ամուսնության առաջարկություն է արել Էդվարդ Սնոուդենին:

2010թ.-ի լրտեսական ամենաաղմկահարույց պատմության հերոսուհին ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնիքները բացահայտած ԿՀՎ-ի նախկին աշխատակցին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է. «Սնոուդեն, դու կամուսնանա՞ս ինձ հետ»:

Եթե Սնոուդենը ընդունի այս առաջարկությունը, ապա նրանց հարսանիքը, հավանաբար, տեղի կունենա Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տրանզիտային գոտում, որտեղ արդեն գրեթե երկու շաբաթ է, ինչ ապրում է ամերիկացին, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը ապաստան ստանալու խնդրանքով դիմել է 20-ից ավելի երկրների իշխանությունների: Այդ երկրներից  շատերը, անհանգստանալով, որ հարցի դրական լուծումը կփչացնի իրենց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, արդեն մերժել են նրա խնդրանքը:

Ավելացնենք, որ ամերիկյան իշխանությունները շարունակում են ուղիներ փնտրել  ԿՀՎ-ի նախկին աշխատակցին  արտահանձնելու ուղղությամբ: