16:58 , 4 հուլիս, 2013
Փետրվար ամսին իմացա, որ ամենամտերիմ ընկերներիցս մեկը, ում հետ ես երկու տարի շարունակ բանակում կիսում էի ամեն ինչ՝ հաց, տուլիկ, դժվարություն ու ուրախություն, իր կնոջ ու նորածին երեխայի հետ արտագաղթում է Ռուսաստան: Արտագաղթեց, որովհետև լավ աշխատանք էին առաջարկել: Ու նման պատմությունները հազարներով են մեր օրերում, և միայն տխմարը կարող է ուրախանալ արտագաղթից, կամ էլ այն մարդը, ով ուղղակիորեն շահագրգռված է, որ արտագաղթ լինի:
Ինչևիցե, ոչ թե արտագաղթի մասին եմ ուզում խոսել, որպես էդպիսին, ոչ էլ անգամ արտագաղթին հանգեցնող տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների մասին: Ես ուզում եմ խոսել արտագաղթի առաջացրած ռեզոնանսի մասին՝ վիրտուալ տիրույթում ու հատկապես արտագաղթը` որպես պաթետիկ ու մելամաղձոտ հռետորիկայի աղբյուր դարձնելու տենդենցի մասին:
Վերադառնալով ընկերոջս օրինակին. այ մարդ, Կարենը ոչ մի անգամ չասաց` «Երկիրը երկիր չի», ոչ մի անգամ չասաց` «Գոնե հեռուստացույցով ասեին` մնացեք», ոչ մի անգամ չասաց` «Փախնել ա պետք ստեղից», ավազակապետություն-բռնապետություն և այլն, և այլն: Ինքն ուղղակի ասաց. «Կոստ ջան, ստեղ ես ստանում եմ 250 հազար, ունեմ կին, ունեմ երեխա ու դեռ էլի եմ ուզում երեխա ունենալ: Մոսկվայում ունենալու եմ 50 հազար ռուբլի (650 հազար դրամ) սկզբնական աշխատավարձ՝ աճելու միտումով, դրա համար որոշել եմ գնալ այնտեղ: Հա՛, էս իմ երկիրն ա և այլն, և այլն, բայց երկար ծանրութեթև անելով, որոշել եմ, որ մի ինչ-որ ժամանակով պետք ա Ռուսաստանում ապրեմ առնվազն»: Հա, ես էլի եմ ասում, հասկանում եմ, որ արտագաղթը խնդիր ա ու շատ լուրջ խնդիր, բայց մյուս կողմից ինձ նյարդայնացնում ա, որ տարբեր մարդիկ, ովքեր ոչինչ էլ չեն անում ըստ էության, որպեսզի արտագաղթը կասեցվի, սկսում են շահարկել գաղթողների թեման, ընդհանրական դատողություններ ու հայտարարություններ անել: Եթե այսքան տխուր չլիներ, ապա երևույթը ծիծաղելի էլ կլիներ, բայց Հայաստանում, հատկապես Հայաստանի վիրտուալ տիրույթում սաղմնավորվում է արտագաղթի ֆետիշ:
Ժողովուրդ, գաղթողը, եթե հասել է էդ որոշման կայացմանը, ապա ինքը ևս իմ ընկերոջ պես իր համար ճիշտ թվացող որոշում է արել, ու երբ սկսում են ողբալ ստատուսներում ու հոդվածներում արտագաղթի մասին, մաքսիմումը, որ անում ենք, դա պայքարում ենք հետևանքի դեմ, մինչդեռ պետք է պայքարել պատճառների դեմ, իսկ պատճառներն այնքան խորքային ու ֆունդամենտալ են, որ հաստատ Ֆեյսբուքի լայքուշեյրով, դիմադիր ու ընդդիմադիր մամուլով ու հարթակներով ողբալով ոչինչ էլ չես փոխի: Զբաղվեք գործով, իսկ գործն առաջին հերթին արտագաղթին հանգեցնող խնդիրների բացահայտումն է, երկրորդ հերթին` դրանց սթափ գնահատումը, երրորդ հերթին` դրանց լուծման համար իրատեսական եղանակների ու մեթոդների մշակումը և վերջապես, այդ մեթոդների ու եղանակների իմպլեմենտացիան: