Այս մարդը խոստովանեց, որ դաժանորեն սպանել է 39 հոգու ու ցմահ բանտարկվեց, սակայն հետո պարզվեց՝ նա լրիվ անմեղ է. ինչո՞ւ էր ստում բոլորին


16:30 , 2 նոյեմբեր, 2019

Նա խոստովանեց, որ մեղավոր է 39 սպանությունների մեջ ու ամեն ինչ արեց, որ իրեն մամուլում հռչակեն որպես շվեդական Հանիբալ, բայց հետո լրագրողներից մեկը բացահայտեց, որ նա ամբողջովին անմեղ է ու երկար տարիներ ստել է բոլորին. ո՞վ էր նա ու ինչո՞ւ էր ստում։ 

Շվեդացի Ստուռե Բերգվոլը երկար ժամանակ վստահեցնում էր, որ ինքը սերիական մարդասպան է, ով սպանել է շուրջ 39 հոգու, և դրա արդյունքում նրան հռչակեցին ոչ միայն Շվեդիայի, այլ նաև ամբողջ Եվրոպայի մեծագույն մարդասպան, սակայն հայտնի լրագրող Հանես Ռաստամը կարողացավ բացահայտել ամբողջ գաղտնիքն ու մի օր ներկայացրեց փաստեր, որոնք ցույց տվեցին՝ Ստուռեն ամբողջովին անմեղ է։ 

Ամեն ինչ սկսվեց Ստուռեի մանկությունից։ Մանուկ Ստուռեն շատ անհանգիստ երեխա էր։ Նա անընդհատ բոլորին նեղացնում էր ու չէր վախենում տարբեր հանցագործ արկածներից։ Ստուռեին մեղադրում էին թմրանյութերի հետ կապ ունենալու մեջ ու նաև մի շարք գողությունների, որոնց համար նա մի օր հայտնվեց բանտում։ Պատմելով իր հոգեկան շեղումների մասին՝ Ստուռեն խնդրեց, որ իրեն տեղափոխեն հոգեբուժարան, որտեղ էլ հենց սկսվեց նրա անհավանական պատմության սկիզբը։ 

Հոգեբուժարանում Ստուռեն անակնկալի եկավ. մեկն, ով մեծացել էր պահպանողական ընտանիքում, որտեղ առհասարակ նրան ուշադրություն չէին էլ դարձնում, հանկարծ հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Ստուռեն սիրում էր, երբ բժիշկները հավաքվում ու լսում էին իր պատմությունները, հարցնում մանկական դրվագներ, որոնք իր շրջապատից ոչ ոքի երբևէ չեն հետաքրքրել։ 

Սակայն եկավ մի փուլ, երբ հոգեբուժարանում հայտնվեցին նոր հիվանդներ, ովքեր ավելի մեծ հանցագործություններ էին գործել, ու ում հանդեպ ուշադրությունը պետք է ավելի շատ լիներ։ Արդյունքում Ստուռեն նորից մնաց լրիվ մենակ, ու հենց այդ ժամանակ էլ նա որոշեց՝ պետք է հորինի պատմություններ, որոնցով էլ իր վրա ուշադրությունն ավելի կմեծացնի։ Ստուռեն թերթում կարդացել էր, որ այդ պահին 8 տարբեր դատարաններում քննվում է անհայտ 8 սպանության դեպք, ու նա որոշեց պատմել, որ այդ 8 սպանություններն էլ իր ձեռքի գործն են։ 

Հետո սպանությունների թիվը գնալով մեծացավ։ Կային սպանություններ, որոնց մասին անգամ գաղափար չունեին ոստիկանները. նրանք ոչ մի կերպ չէին կարողանում մահացածների մարմինները գտնել, սակայն Ստուռեն այնքան համոզիչ էր պատմում դրանց մասին, որ ոչ ոք կասկածի տակ չէր դնում նրա խոսքերը. վստահ էին՝ ոչ ոք չի ցանկանա հայտնվել բանտում հենց այնպես։ 

Ամեն ինչ փոխվեց, երբ լրագրող Հանես Ռաստամը հասկացավ, որ ինչ-որ բան այս պատմության մեջ այն չէ։ Նա սկսեց փորփրել պատմությունն ու գտավ շատ ապացույցներ, որոնք ցույց էին տալիս, որ Ստուռեն ուղղակի ստում է ինչ-որ պատճառներով։ Արդյունքում նա հասավ նրան, որ հայտնի սերիական մարդասպանը խոստովանեց. նա ստում էր, որ ուշադրություն գրավի։ 

2013թ.-ին լրիվ անմեղ ճանաչված Ստուռեն ազատ արձակվեց։ Ոստիկաններից, դատախազներից ու հոգեբույժներից ոչ մեկը մեղավոր չճանաչվեց նրա համար, որ շվեդացին երկար ժամանակ անմեղ փակված էր հոգեբուժարանում. բոլորը միաձայն նշում էին, որ մեղավորը հենց ինքն է՝ Ստուռեն։ 

Այժմ հայտնի ստախոս «Հանիբալը» ապրում է բոլորի աչքից հեռու։ Նա վերջնական բուժվել է ու այլևս չի ցանկանում, որ որևէ մեկն իր գոյությամբ հետաքրքրվի։ Տղամարդու մասին Շվեդիայում անգամ հասցրին նկարահանել ֆիլմ, որը կոչվեց «Իդեալական հաճախորդը»։