Մոսկվայում հայ պլաստիկ վիրաբույժը վնասել է հայ աղջկա գանգոսկրը և մեկուսարանից ազատվելուց հետո փախուստի դիմել


14:35 , 1 նոյեմբեր, 2019

Մոսկվայի կլինիկաներից մեկի նախկին պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը, ում կողմից 2018 թվականին իրականացված պլաստիկ վիրահատության հետևանքով երիտասարդ աղջիկը վերակենդանացման բաժանմունքում էր հայտնվել, մեկուսարանից ազատվելուց հետո փախուստի է դիմել, գրում է ТАСС-ը՝ հղում անելով տուժողի փաստաբանի տեղեկատվությանը:

«Ստեփանյանը վերջերս էր ազատվել մեկուսարանից՝ երկրի սահմանները չլքելու մասին ստորագրությամբ և օրինակելի վարք դրսևորելու պայմանով, սակայն մեկուսարանից ազատվելուց հետո անմիջապես փախուստի է դիմել»,- ասել է տուժողի՝ Կարոլինա Սարգսյանի փաստաբանը:

Փաստաբանը նաև նշել է, որ ծանոթացել է փորձաքննության եզրակացության հետ, ինչը հաստատել է կլինիկայի աշխատակիցների՝ վիրաբույժի, անեսթեզիոլոգի և կլինիկայի ղեկավարի մեղքը՝ աղջկա առողջությանը ծանր վնաս հասցնելու հարցում:

Տուժողի փաստաբանը հավելել է, որ անձնակազմի գործողությունների և աղջկա վիճակի միջև ուղիղ պատճառահետևանքային կապ կա:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին Կարոլինա Սարգսյանը դիմել էր պլաստիկ վիրահատության՝ քիթը «փոքր-ինչ շտկելու նպատակով», սակայն գանգոսկրի վնասվածք է ստացել և ստիված է մինչ օրս հետվիրահատական բուժում ստանալ:

Մյուս երկու կասկածյալները՝ կլինիկայի տնօրեն Գյուլնարա Շահը և անեսթեզիոլոգ Լև Խիտրինը, տնային կալանքի տակ են: Վերջինիս անունը կապվում է մեկ այլ կասկածելի պատմության հետ, որ տեղի է ունեցել «Մելանժ» պլաստիկ վիրաբուժության կլինիկայում, որտեղ վիրահատությունից հետո մահվան դեպքեր հաճախակի են գրանցվել: