«Դպրոցն էլ հո բնակարան չի, որ Երևանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի»


14:36 , 31 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց փոփոխել հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնելով նախագիծը՝  նշեց, որ, ըստ գործող բանաձևի, դպրոցների տարեկան հասանելիք գումարը հաշվարկվում է սովորողների թվից կախված։ Այս մոտեցումն, ըստ նրա, որդեգրվել է 2001 թվականից՝ նպատակ ունենալով խթանել դպրոցների միջև մրցակցությունը։

«Սակայն հաշվի չի առնվել այն, որ դպրոցների զգալի մասը, որոնք միակն են բնակավայրում, և սովորողների թիվը պայմանավորված է հենց դպրոցի սպասարկման տարածքի բնակիչների թվով, մրցակցությունից դուրս են: Այս պարագայում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցներին հատկացվող գումարը չի բավարարում ծախսերը հոգալ և վերաբաշխման անհրաժեշտություն է առաջանում, ինչը տարիներ շարունակ արել են մարզպետարանները և Երեւանի քաղաքապետարանը: Այսինքն՝ խոշոր դպրոցներից կուտակված գումարները վերցրել և հատկացրել են փոքր դպրոցներին»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Այսպիսով, դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է նշված խնդիրների կարգավորման և հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխման անհրաժեշտությամբ: 

Նախարարը հայտնեց, որ նոր բանաձևով առաջարկվում է մի շարք փոփոխություններ,  մասնավորապես, փոքր համակազմ ունեցող, թերհամալրված դպրոցների գումարը հաշվարկելիս հիմք ընդունել նաև դասարանների թիվը, ինչով պայմանավորված է ծախսերի հիմնական մասը։
Ըստ նախագծի՝  թերհամալրված են համարվում տարրական դպրոցը մինչև 72 սովորող, հիմնական դպրոցը՝ մինչև 162 սովորող, միջնակարգ դպրոցը՝ մինչև 207 սովորող, վարժարան և ավագ դպրոց՝ մինչև 135 սովորող։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: