Հայտնի հեքիաթի Մատնաչափիկն իրականում գոյություն է ունեցել. պարզվում է՝ նա դժբախտ էր ու անհույս սիրահարված էր Հանս Քրիստիան Անդերսենին


17:30 , 31 հոկտեմբեր, 2019

«Մատնաչափիկը» շատերիս սիրելի հեթիաթն ու մուլտֆիլմն է եղել, որով մենք տեղափոխվել մի փոքրիկ աղջկա աշխարհ, ով անհույս սիրահարվում է արքայազնի ու հետո ամուսնանում նրա հետ։ Այս հեքիաթի հերոսուհին, պարզվում է, իրականում գոյություն է ունեցել․ նա դժբախտ ու Հանս Քրիստիան Անդերսենին անհույս սիրահարված աղջնակ էր, ում հայտնի հեքիաթագիրը չկարողացավ անտեսել։ 

Հանս Քրիստիան Անդերսենն ուներ մի շատ մոտ ընկերուհի ուներ, ում անունը Հենրիետա Վուլֆ էր։ Նա, մեղմ ասած, չէր առանձնանում իր գեղեցիկ արտաքինով․ կուզ էր, տգեղ ու շատ ցածրահասակ։ Աղջկան անընդհատ ծաղրում էին իր արտաքինի համար, սակայն նա հրաշալի բնավորություն ուներ, ու Անդերսենը հիանում էր նրա մարդամոտությամբ ու բարությամբ։ 

Անդերսենն ու Հենրիետան մտերիմ ընկերներ էին, սակայն աղջիկն անհույս ու թաքուն սիրահարված էր հեքիաթագրին։ Անդերսենը գիտեր դրա մասին, բայց չէր կարողանում նրան փոխադարձությամբ պատասխանել, քանի որ ինքն էլ տարվում էր միայն գեղեցիկ կանանցով։ Արդյունքում՝ Անդերսենը, ոգեշնչվելով «Մատնաչափիկ տղան» հայտնի հեքիաթից, որոշեց, որ ինքն էլ պետք է այդպիսի մի հեքիաթ գրի Մատնաչափիկ աղջկա մասին, ով բնավորությամբ պետք է ամբողջովին նման լինի իրեն այդքան հարազատ դարձած Հենրիետային։ 

Հեքիաթում Հենրիետային հետապնդում են տարբեր անճոռնի հերոսներ, իսկ իրական կյանքում նրան հետապնդում էին բազմաթիվ հիվանդություններ։ Աղջիկը ստիպված պարբերաբար մեկնում էր Իտալիա՝ բուժվելու նպատակով։ Նրա բուժումները, սակայն, կարծես օգուտ չէին տալիս, ու նա շարունակում էր տառապել իր ի ծնե ձեռք բերած արատներից։

Մի անգամ՝ 1858թ.-ին, Հենրիետան հերթական բուժման համար որոշեց նավարկել Ավստրիա։ Ճանապարհին դժբախտ պատահար տեղի ունեցավ, նավն այրվեց, ու Հենրիետան մահացավ։ Անդերսենը չափազանց ծանր տարավ այդ լուրը ու երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ։ Ասում են, որ պատահարից հետո նա մահացու վախենում էր ջրից ու կրակից։ 

Իր կյանքի ամբողջ ընթացքում Անդերսենը հիշում էր իր սիրելի Հենրիետային։ Իր օրագրերում հաճախ կարելի է կարդալ այս աղջկա մասին, ով դարձավ հեքիաթի ոգեշնչման աղբյուր։ Գրականագիրները նշում են, որ հեքիաթում արքայազնի հանդիպելն ու նրա հետ ամուսնանալը պատահական չէր։ Անդերսենը այդպես փորձում էր փոխհատուցել աղջկան իր անպատասխան սիրո համար։ Նա արեց ամեն ինչ, որ գոնե իր հեքիաթում Հենրիետան երջանիկ լինի։ Չնայած իր ժամանակներում հեքիաթը շատ քննադատությունների ենթարկվեց, մինչ օրս այն համարվում է ոչ միայն մանուկների, այլև մեծերի ամենասիրելի հեքիաթներից, որն իրականում մի ամբողջ դժբախտ պատմություն ունի իր թիկունքում։