Աշխարհի ամենափոքր կատվին ցուցադրել են տեսանյութում


00:00 , 31 հոկտեմբեր, 2019

Աշխարհի ամենափոքր և հազվագյուտ կատուն կշռում է մոտ մեկ կիլոգրամ՝ 200 անգամ ավելի քիչ, քան առյուծը: Նրա հայրենիքը Հնդկաստանի և Շրի Լանկայի անտառներն են: Գիտնականներն այս տեսակն անվանել են «ժանգոտ կատուներ»:

Կատվազգիների ընտանիքի այս ներկայացուցիչը երկարությամբ կես մետրից պակաս է: Ժանգոտ կատուների աչքերը վեց անգամ ավելի զգայուն են, քան մարդու աչքերը, ինչը նրանց թույլ է տալիս վստահորեն գտնել թիրախը մութ մանրանտառում: Նրանք սնվում են մողեսներով, միջատներով և, իհարկե, մկներով, լավ մագլցում են ծառերը, բայց իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում գետնին:

Ցավալի է, որ այս փոքրիկներն այժմ գտնվում են ոչնչացման եզրին: Դրանց պոպուլյացիան կենսամիջավայրի փոփոխությունների պատճառով նվազել է մինչև տաս հազար մեծահասակ կատվի: Եվ ժանգոտ կատուների թիվը շարունակում է նվազել: Որպես կանոն, մայր կատուն միայն մեկ ձագ է ունենում, հազվադեպ՝ երեք: