Երեք երեխաների մայրը խնայել է պլաստիկ վիրահատության վրա և մահացել


19:22 , 30 հոկտեմբեր, 2019

Անգլիական Նորիջ քաղաքի բնակչուհի, երեք երեխաների մայր, 36-ամյա Լուիզա Հարվին մեծացրել է կրծքերը, ձգել որովայնը և մահացել, հաղորդում է Daily Mail-ը:

Երեք երեխա ծննդաբերելուց հետո Հարվին որոշել էր վերականգնել նախկին կառուցվածքը՝ ձգել որովայնը և մեծացնել կրծքերը:

Կինը դիմել է կլինիկա, որտեղ նրան խորհուրդ են տվել երկու մանիպուլյացիաները կատարել միանգամից գումար խնայելու նպատակով: Հարվին համաձայնել է և ենթարկվել երեք ժամ տևողությամբ վիրահատության:

Մեկ օր անց կնոջը տուն են ուղարկել, իսկ մեկ շաբաթ անց բժիշկը հաստատել է, որ նրա հետ ամեն ինչ կարգին է:

Մեկուկես շաբաթ անց Հարվին կորցրել է գիտակցությունը և մահացել: Պարզվել է, որ կլինիկայում վիրահատությունից հետո կնոջը արյունը նոսրացնող դեղահաբեր չեն նշանակել: Նրա սրտում և թոքերում արյան մակարդուկներ են առաջացել, ինչը հանգեցրել է երկկողմանի թոքային էմբոլիայի: