Valentino նորաձևության տունը պնդում է, որ «Ոսկե գլոբուս»-ի ժամանակ Լեդի Գագայի կրած զգեստն «ամիսներ շարունակ գողացված է եղել»


14:27 , 29 հոկտեմբեր, 2019

Valentino աշխարհահռչակ նորաձևության տունը պնդում է, որ ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ հանրահայտ երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի կրած զգեստն ամիսներ շարունակ գողացված է եղել, գրում է TMZ-ն:

Հագուստի հեղինակ Valentino նորաձևության տունը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին:

Ըստ հաղորդման՝ Լոս Անջելեսի Բևեռլի Հիլզ թաղամասի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում երգչուհու սենյակը մաքրելիս մաքրուհին նկատել է շքեղ երկնագույն զգեստը, որը Լեդի Գագան կրել էր «Ոսկե գլոբուսի»-ի ժամանակ ու մոռացել հյուրանոցում, և վերցրել է այն:

Ընդ որում, մաքրուհին խոստովանել է, որ զգեստն իսկապես իր մոտ է եղել, սակայն հերքել է, որ գողացել է այն՝ վստահեցնելով, որ պարզապես վերցրել է՝ չիմանալով, թե ում է պատկանում:

TMZ-ի համոզմամբ՝ զգեստը վերցրած մաքրուհին փորձել է կլորիկ գումարի դիմաց վաճառել այն:

Երգչուհու թիմը TMZ-ին ավելի վաղ հայտնել էր, որ Լեդի Գագան նորաձևության տնից զգեստը վերցրել էր վարձակալության հիմունքով:

Հաղորդվում է նաև, որ զգեստն աճուրդի է հանվելու. նախնական գին է սահմանված 8000 դոլարը: