«Քիմ Քարդաշյանը իր առաջին այցի ժամանակ միայն Կարսի տարազ է տարել». «Տերյան» մշակույթի կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը՝ ազգայինը միջազգային բրենդ դարձնելու մասին


14:45 , 29 հոկտեմբեր, 2019

Հայկական տարազը նորաձև է, բայց այս գաղափարին հասնելու համար պահանջվել են տարիներ: «Տերյան» մշակութային կենտրոնն արդեն 17 տարի պրոպագանդում է ազգայինի կիրառությունը։ Կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը համոզված է՝ հայկական տարազը կարելի է դարձնել նաև միջազգային բրենդ:  

Ես հատուկ ոչինչ չեմ արել, որպեսզի ինձ նկատեն, հավանեն, պարզապես արել եմ այն, ինչ ես եմ սիրում և այնքան լավ եմ արել, որ մարդկանց դուր գա:

«Փոքր երեխա էի, երբ առաջին անգամ ինձ համար տարազ կարեցին: Հայրիկ Մուրադյանի փոքրիկ սաներից էի, այն ժամանակ «Ակունքը» նոր էր կազմավորվում: Ընտանիքս ավանդական ձևով է մեզ մեծացրել. ես ու եղբայրս հաճախում էինք ազգային երգի, պարի խմբակ: Մայրս ինքն էր կարում մեր տարազները։ Իմ առաջին տարազը շատ անհարմար էր և ծակում էր: Ես միշտ երազում էի այդ տարազը չհագնել, բայց ես և եղբայրս մեր ազգի պարծանքն էինք դարձել, և ամեն առիթի մեզ երգեցնում էին: Ժամանակի ընթացքում ես կորցրի իմ հետաքրքրությունն ազգայինի նկատմամբ, բայց տարիներ անց պետք է ներկա լինեի մի հանդիսավոր միջոցառման և ուզում էի բոլորից տարբերվել, իսկ այդ ժամանակ ես տեքստիլի փայլուն նկարիչ էի: Գնացի այդ միջոցառմանն Արցախի տարազով, բայց ավելի մոդեռն ոճում: Այդ ժամանակ սկսվեց բուռն հետաքրքրվածություն իմ հագուստի հանդեպ, և շատերը սկսեցին ուզել իրենց տարածաշրջանին հատուկ տարազ»:  

Նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը, երբ նոր էր սկսում զբաղվել տարազների ստեծմամբ, շատերն էին թերահավատորեն մոտենում և հարցնում՝ իսկ ովքե՞ր են լինելու պատվիրատուները: Այսօր տարազը կիրառվում է ոչ միայն հանդեսների, բեմում ելույթ ունենալու, այլև որպես ամենօրյա հագուստ:

Իմ սեփական նախասիրությունը ես ինձ համար հաց ու ջուր եմ սարքել: Մեզ դիտարկել որպես բիզնես՝ ճիշտ չէ, մենք ընդամենը մեր սիրած աշխատանքով կարողանում ենք վաստակել:

Այսօր շատ աղջիկներ նախընտրում են հայկական ազգային տարազով ամուսնանալ, իսկ հարսանեկան տարազները ստեղծելու միտքը ծնվեց, երբ. «Ղարաբաղից քեռիս էր եկել, տղան պետք է ամուսնանար, ասաց՝ բա մարդ հարուստ չլինե՞ր, իր տատի-պապի տարազով երեխեքին ամուսնացներ: Ասացի՝ կուզե՞ս՝ կարենք, ասաց՝ չէ, չեմ կարող համոզել, որ տարազով պետք է ամուսնանան: Նա ասաց, տվեց գաղափարը, և մենք արեցինք հարսանեկան տարազները»:

Լիլիթն ուզում է մի օր հասնել այն գաղափարին, որ հանրությանը հայտնի ապագա հարսները հայկական տարազով ամուսնանան. «Այդ աղջիկների հարսանիքն է քննարկվելու, լուսաբանվելու, և հենց այդպես են իրենց ազգայինը պրոպագանդելու, բայց մենք այդ աղջիկներին դեռևս տարազ չենք հագցրել: Նրանց համար թանկարժեք հարսանյաց զգեստներն ավելի կարևոր են, քան կրել մի բան, որ քո ազգին միանգամից հայտնի կդարձնի: Մեր հարսանեկան զգեստներն իրենց բոլոր աքսեսուարներով 2000 դոլար արժեն, բայց մարդիկ 200.000 դոլար կվճարեն համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներների հագուստների համար»:

Պարզվում է՝ Քիմ Քարդաշյանը Երևան այցի ժամանակ իր հետ տարել է «Տերյան» մշակույթի տան տարազներից, սակայն Լիլիթը երբեք չի մտածել, որ կարելի է դրա մասին բարձրաձայնել. «Քիմ Քարդաշյանն իր առաջին այցի ժամանակ միակ բանը, որ տարել է, եղել են «Տերյան» մշակութային կենտրոնի տարազները. նա և իր քույրերը հագան, գնացին: «Մերգերյան կարպետ»-ում մեր հանդիպումն էր նրանց հետ, և նախապես մեզ ուղարկել էին նրանց չափսերը: Ասել էին, որ Ղարսի հագուստներն են ուզում ունենալ: Ես երբեք չեմ մտածել, որ դրա մասին պետք է բարձրաձայնեմ»:

Մարդիկ այսօր ընտրում են հագուստի մոդելավորողի մասնագիտությունը, որպեսզի վաստակեն, ոչ թե ծախսեն, իսկ մեր աշխատանքում մենք ավելի շատ ծախսում ենք, քան վաստակում: Ոչ ոք այդքան հիմար չէ, որ իմ հետևից նույն բանը կրկնի, որովհետև այս աշխատանքը կապված է մեծ ծախսերի հետ:

Լիլիթը հիմա ամեն ինչ անում է, որպեսզի Taraz Art-ը միջազգային բրենդ դառնա. «Հիմա գրանցման փուլում ենք, որը, իհարկե, երկար գործընթաց է: Եթե ստացվի, կլինենք առաջին հայկական բրենդը, որը հայտնվել է միջազգային հարթակում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի