Ես չեմ բացառում, որ հիմա նա, իմանալով, որ իր կողքի խցում է նստած Ռոբերտ Քոչարյանը, փորձի օգտվել դրանից․ Արամ Սարգսյան


13:22 , 27 հոկտեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է․

«Նոր իշխանությունը որևէ կաշկանդվածություն չունի Հոկտեմբերի 27-ը բացահայտելու առումով։ Այսինքն՝ իրենք, էդ առումով, որևէ խնդրում որևէ կակսածներ չեն հարուցում և միանշանակ ակնհայտ է, որ շահագրգռված են գործի բացահայտմամբ»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի՝ գործն իսկապես քաղաքական ենթատեքստ ունի, և մի անգամ արդեն քաղաքական դատավարություն եղել է, որից տարբեր մարդիկ տարբեր նպատակներով դատավարությունն արագ անցկացրել են, սակայան արդյունքները չեն բավարարել որևէ մեկին։
«Հիմա էնպիսի իրավիճակ է, որ էդ քաղաքական գործընթացներին հետևում է նաև գլխավոր հանցագործը, որը իր մեկուսարանում, օրենքով թույլատրվում է, նաև հեռուստացույց ունի, հետևում է բոլոր քաղաքական գործընթացներին, ենթադրություններ, եզրակացույթուններ է անում։ Իսկ եթե հաշվի առնենք, որ բանտում գտնվող ցանկացած հանցագործ մտածում է օր առաջ բանտից դուրս գալու մասին, կարող է և տարբեր վարկածներ մտածել իր համար, որը շահեկան կլինի իրեն, որը ասելով՝ իր հանդեպ գուցե մեղմ վերաբերմունք ձևավորվի, կամ որևէ գործարք արվի, որի արդյունքում ինքն աջակցում է և այլն։ Ամենայն հավանականությամբ, նման հանցագործության գնացած ստահակը ամեն ինչի ընդունակ է, և ես չեմ բացառում, որ հիմա ինքը, իմանալով, որ իր կողքի խցում է նստած Ռոբերտ Քոչարյանը, փորձի օգտվել նաև դրանից և որոշակի բաներ ասի, ինչը կարող է և ճշմարություն է, կարող է ասվում է միայն նրա համար, որով ինքը փորձի որոշակի շահեկան իրավիճակի մեջ հայտնվել»,-ասաց Արամ Սարգսյանը։
Նա նաև կարծիք հայտնեց, որ Հոկտեմբերի 27-ի նման բարդ դատավարությունները պետք է տեղի ունենան այնպիսի ժամանակներում, երբ որ ամբողջությամբ դատաիրավական համակարգը ձևավորված կլինի, երբ որ կունենա լուրջ վստահություն, երբ որ պետությունն իսկապես ուժեղացած կլինի։