Աննա Հակոբյանը լրատվական դաշտում կրկին կորցրել է իր դրական իմիջը


16:05 , 24 հոկտեմբեր, 2019

2019թ․-ի հոկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 322 հոդված, որոնցից 69-ը եղել է բացասական, 17-ը՝ դրական, 236-ը՝ չեզոք։

Այս տասնօրյակում Աննա Հակոբյանը լրատվական դաշտում կրկին կորցրել է իր դրական իմիջը: Ավելի շատ բացասական հոդվածներ են դիտարկվել։

Ըստ լրատվականների՝ ՔՊ վարչությունում նիստ է տեղի ունեցել, որի օրակարգում, բազմաթիվ հարցերից զատ, ևս մեկ հարց է եղել։ Հրապարակման համաձայն՝ իմքայլական երկու լիդերներ ակնարկել են զգուշանալ լրագրողներից և չմեկնաբանել վարչապետի ընտանիքին առնչվող հարցերը՝ անկախ այն բանից, թե ում հետ է կապված միջադեպը՝ Աննա Հակոբյանի, Մարիամ Փաշինյանի, թե Աշոտ Փաշինյանի։ Լրատվականը նշում է, որ այդ առաջարկն ընդունվել է ի գիտություն։

Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննությունը ոչ միանշանակ է ընդունվել հասարակության կողմից, եղել են և՛ դեմ, և՛ կողմ կարծիքներ։ Ֆեյսբուք սոցիալական հարթակում արված գրառումները ևս տեղ են գտել լրատվական դաշտում։ Դրանցից մեկում ասված է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պատրաստ լինի, որովհետև հարցաքնվելու են իր ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում նաև՝ տկն․ Հակոբյանը։

Մամուլում տևական ժամանակ նշվում է, որ Աննա Հակոբյանի և Արսեն Թորոսյանի հարաբերությունները լարված են։ Ըստ այդ տեղեկությունների՝ Արսեն Թորոսյանը այդ լարված հարաբերությունների պատճառով հնարավոր է՝ ազատվի աշխատանքից։

Վիտալի Բալասանյանը քննադատական ելույթ է ունեցել՝ հասցեագրված Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Բալասանյանի՝ Փաշինյանն իր թերթը շանտաժի միջոցով է պահել, իսկ թերթի գլխավոր խմբագիր մինչև այժմ Աննա Հակոբյանն է։
Տարակարծությունների և քննադատությունների հիմք է հանդիսացել նաև Աննա Հակոբյանի՝ Շվեյցարիա մեկնելը։ Հարց է առաջացել, թե Աննա Հակոբյանն ինչո՞ւ է հաճախ այցելում Շվեյցարիա, նշվում է նաև, որ Աննա Հակոբյանն օգտվել է կառավարական ինքնաթիռից։ Աննա Հակոբյանը քննադատական հոդվածներին պատասխանել է՝ նշելով. «Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ»։ Այս հայտարարությունը ևս քննադատվել է թե՛ սոցցանցերում, թե՛ լրատվական դաշտում։ Քննադատվել է նաև Աննա Հակոբյանի և Գարեգին 2-րդ Վեհափառի համատեղ նկարը․ ըստ որոշ կարծիքների՝ Աննա Հակոբյանի՝ Վեհափառի հետ հանդիպման ժամանակ կրած հագուստը չի համապատասխանել իրավիճակին։

Դրական դիտարկված հոդվածների շարքում է այն հրապարակումը, որում նշվում է, որ Աննա Հակոբյանը մարզվում է քաղցկեղով հիվանդ երեխաների հետ։ Աննա Հակոբյանն իրականացրել է նաև հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը։

Լրատվականներում, ի պաշտպանություն Աննա Հակոբյանի, հոդվածներ ևս տպվել են․ դրանք վերաբերել են տկն․ Հակոբյանի կրած զգեստին, ներկայացվել են նաև մի շարք լուսանկարներ, որոնցում Աննա Հակոբյանը Վեհափառի հետ հանդիպման ժամանակ այլ հագուստներով է։