Քչերը նկատեցին, որ հոկտեմբերի 15-ին դատարանը բավարարեց «Լիդիան Արմենիա» ընկերության հայցը և անվավեր ճանաչեց ՀՀ ԲԸՏՄ որոշումը


11:48 , 24 հոկտեմբեր, 2019

Ի՞նչ կարևոր հարցի մասին նրբորեն մոռացության մատնվեց այս օրերի իրարանցման արդյունքում, ինչի մասին դեռ երկու ամիս առաջ խոսում էին բացառապես բոլորը:

Քչերը նկատեցին, որ մեկ շաբաթ առաջ` հոկտեմբերի 15-ին, ՀՀ վարչական դատարանը բավարարեց «Լիդիան Արմենիա» ընկերության հայցը և անվավեր ճանաչեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը:

Փաստորեն, ընկերության վրայից հանվել է հանքի տարածքում որոշակի գործողություններ կատարելու արգելքը: Եվս մեկ նախադրյալ՝ առավել քան վստահ լինելու, որ հանքը կշահագործվի: Հանքի շահագործման ողջ էպոպեայից մենք դեռ երկար կհիշենք բյուջեից, փաստորեն, լրիվ անիմաստ տրամադրված 400 հազար դոլար գումարը, գումարած հարվածը երկրի ներդրումային գրավչությանը: Բայց այստեղ նորություն չունենք:

Շատ ավելի հետաքրքիր է այն, թե ինչ է կատարվել հարցի շուրջ համընդհանուր անհանգստության վերջին ալիքից մինչ օրս: Բանն այն է, որ դատարանի կողմից մերժված թիվ 30-Ա որոշումն ընդունվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի օրոք, ով սույն ինֆորմացիայի հրապարակումից հետո հանդես է եկել մեկնաբանությամբ` նշելով, որ դատարանն այս որոշմանը հանգել է բացառապես հայցվող կողմի` «Լիդիան»-ի ներկայացրած ապացույցների հիման վրա: Չի եղել ապացույցի ներկայացում մյուս կողմից` տեսչական մարմնից: Ավելին՝ Արթուր Գրիգորյանը պնդում է, որ դատական նիստերին տեսչական մարմնի ոչ մի ներկայացուցիչ չի եղել: Այսինքն՝ և՛ բնապահպանության նախարարությունը, և՛ տեսչական մարմինը շահագրգռված են եղել, որ «Լիդիան»-ը հաղթի:

Հիմա ո՞նց չասես, որ ինչ ուզել, խփել են: