ՀՀ ու Վրաստանի փոխվարչապետները քննարկել են ենթակառուցվածքների զարգացման հարցեր


22:46 , 23 հոկտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլիին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, գործընկերները համակարծիք էին, որ երկկողմ հանդիպումները հնարավորություն են տալիս մանրամասնորեն անդրադառնալ հայ-վրացական համագործակցության ընթացիկ օրակարգին, ինչպես նաև հնարավորություններ փնտրել նոր ուղղություններով գործընկերությունն ընդլայնելու և խորացնելու համար։

Զրուցակիցները քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում տրանսպորտային և ենթակառուցվածքային զարգացմանը վերաբերող տարաբնույթ հարցեր։

Կողմերը անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությանը ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև կապի ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարներին։