Ավստրալիայում մահացել է ամենահայտնի ոչխարը


21:15 , 23 հոկտեմբեր, 2019

Քրիս անունով մերինոս տեսակի ոչխարը, որը հայտնի էր որպես աշխարհում ամենաբրդոտը, Ավստրալիայում մահացել է ծերությունից, հաղորդում է «Բի-բի-սի» հեռուստաալիքը:

Կենդանուն գտել էին վայրի բնության գրկում 2015 թվականին, նա պատված էր եղել բրդի «վեցամյա նորմայով»: Կենդանիների պաշտպանները ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ կենդանու բուրդը, որը հինգ անգամ գերազանցում էր նորմային, սպառնում էր նրա առողջությանը:

Ավելորդ բուրդը հեռացվել էր ոչխարներ խուզելու ազգային չեմպիոն Յան Էլքինսոնի կողմից: Հարյուրավոր ավստրալիացիներ էին պատրաստ իրենց վրա վերցնելու ոչխարի խնամքը, իսկ նրա բրդից կարված վերարկուն ցուցադրության դրվեց Ավստրալիայի Ազգային թանգարանում:

Մահվան պահին Քրիսի ենթադրյալ տարիքը 10 տարեկան է եղել, ինչը այս տեսակի ոչխարների համար կյանքի միջին տևողությունն է: