Եթե իսկապես նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը բարձրացվել են, ապա պետք է ԱԺ օրենքի փոփոխության նախագիծ ներկայացվեր


15:06 , 23 հոկտեմբեր, 2019

Նախարարների և փոխնախարարների աշխատավարձերի թաքուն բարձրացման մասին վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում տարածված տվյալները եթե համապատասխանում են իրականությանը, ապա, բացի դրա բարոյական կողմը դիտարկելուց, քանզի այն տեղի է ունեցել հանրությունից գաղտնի և ոչ թափանցիկ կերպով, վերջինս պետք է նախևառաջ իրավական հարթության մեջ դիտարկել։ Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ ԱԺ կողմից 2013 թվականին դեկտեմբերի 12-ին ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՕ-157-Ն օրենքը, որով սահմանվում է պետական, այդ թվում՝ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման կարգն՝ ըստ բազային աշխատավարձերի և պաշտոնների համար սահմանված համապատասխան գործակիցների արտադրյալ: Համաձայն օրենքի 5-րդ հոդվածի՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով: Ի դեպ, նշեմ, որ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով այն մնացել է անփոփոխ՝ 66140 ՀՀ դրամ: Ինչ վերաբերում է գործակիցներին, ապա համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի Հավելված 1-ի՝ նախարարի համար այն կազմում է 12, նախարարի առաջին տեղակալի համար՝ 10 և նախարարի տեղակալի համար՝ 8.5:

Հիշյալ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված են նաև պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքները, որոնցից, մասնավորապես, հետևյալները տվյալ դեպքում խախտվում են․

1) Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի և պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովումը,

2) Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը,

3) Պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության ապահովումը:

Նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է նաև, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։
Հետևաբար, անգամ պարգևավճարների հաշվին հնարավոր չէր կրկնապատկել վերոհիշյալ պաշտոնյաների վարձատրության չափը՝ հաշվի առնելով նաև նախորդ եռամսյակների ստացված նրանց պարգևավճարները:
Հավելեմ նաև, որ օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: Հետևաբար, եթե անգամ նման մտադրություն կառավարությունն ունեցել է, ապա պետք է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գար և ԱԺ ներկայացներ օրենքի փոփոխության նախագիծ, որը պետք է վերաբերեր ոչ միայն նախարարներին ու փոխնախարարներին, այլև բոլոր պետական պաշտոններին՝ չխախտելու համար օրենքի հիմնարար սկզբունքները, հակառակ դեպքում պետք է հերքվի այն՝ այլընտրանքային մեկնաբանությունները բացառելու համար: