Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների և Սերժ Թանկյանի միջև. «Հրապարակ»


09:28 , 23 հոկտեմբեր, 2019

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ առաջիկա հունիսին Սերժ Թանկյանը կրկին համերգով հանդես կգա Հայաստանում: Հիշենք, որ Սերժ Թանկյանի System of a Down ռոք խումբն առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ 2015-ի ապրիլին` Ցեղասպանության 100-ամյակի առիթով, եւ շշմեցուցիչ համերգ ստացվեց, որի համար նա 1,2 միլիոն դոլար հոնորար է ստացել (ռուսահայ գործարարից)։

«Ինչպես կասեր Վանոն` պատմական հայրենիքն անգամ այլեւս «հեշտ» չեն սիրում»,- ասաց իշխանական մեր աղբյուրը՝ հավելելով, որ այս անգամ եւս Սերժ Թանկյանը մեծ հոնորարի դիմաց կերգի Հայաստանում։

«Պարզապես նրբությունն այն է, որ արանքում Ամուլսարի խնդիրը կա։

Նկատեք` համերգի մասին հայտարարությունից հետո Թանկյանն այլեւս չի խոսում Ամուլսարի շահագործման անթույլատրելիության մասին։ Սա համերգ-բարտեր է հայաստանյան իշխանությունների եւ նրա միջեւ»:

Փորձեցինք ճշտել լուրի իսկությունը․ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանին հարցրինք` մեր աղբյուրներն ասում են, որ Սերժ Թանկյանի հունիսյան համերգը հայաստանյան բյուջեի վրա կնստի մոտ 1 միլիարդ դրամ։ Որտեղի՞ց են տրամադրվելու համերգի միջոցները։

Խոսնակը գրավոր արձագանքեց․ «Բյուջեի մասով Ձեր գրածը չեմ հաստատում։ Միջոցների տրամադրման հարցը պետք է ուղղել կազմակերպիչներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: