Էլիտան խղճուկ վիճակում է. իշխանությունն ու ժողովուրդը միշտ իրար անհաջողություններ են պաս տալու. Հարություն Մեսրոբյան


23:16 , 22 հոկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է․

«Հերթական անգամ Հայաստանում իշխանության եկավ ոչ կառավարչական եւ պետական զարգացման ռազմավարություն ու ծրագիր չունեցող թիմ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հանրայն խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։

Նրա խոսքով, թե տնտեսական, թե կառավարման իմաստով վերջին 1.5 տարվա ընթացքում Հայաստանում որեւէ բան չի փոխվել, որովհետեւ գործ ունենք այն նույն մեթոդների հետ, որոնք եղել են 1991 թվականից ի վեր. «Դուք հիշո՞ւմ եք մի կառավարություն՝ 1991 թվականից ի վեր, որը լուրջ խոստումներ է տվել եւ կատարել։ Չկա, որովհետեւ մեզ մոտ արդեն 30 տարի է մեկ հիվանդություն է տարեցտարի անցնում՝ մենք չգիտենք ինչ պետություն ենք կառուցում եւ չունենք ռազմավարական ծրագիր։ 2018 թվականին էլ՝ հիշում եք մեր մոլուցքը՝ Նյու-Վասյուկի, վաղը սա է լինելու նա է լինելու...Չի կարող լինել արդյունք, երբ չկա ռազմավարական տեսանկյունից խնդրի պատասխանը։ Ես զարմանում եմ, որ ժողովուրդը, լրագրողները արդյունքի են սպասում, եթե կառավարման մեթոդները չեն փոխվում, ինչու՞ պետք է արդյունք լինի։ 30 տարվա պատկերը կրկնվում է։ Երբ տեսնում ենք, որ հասակով մարդիկ, երիտասարդ մարդիկ չեն բավարարում բարոյական նորմերին, հասկանում ենք, որ մենք ելք չունենք։ Մարդու բարոյականությունը չի կարելի չափել սիրուն երգերով, արտասանություններով ու ճառերով, նրանով, թե իր առօրյա կյանքում ոնց է իրեն պահում։ Քանի որ ես 1988 թվականից բոլորին գրեթե անձամբ գիտեմ, ինձ համար ամեն ինչ պարզ է, ես ճառերով, սիրուն դեմքի արտահայտությամբ խորաթափանց հայացի վրա չեմ բռնվում, ես գիտեմ, որ որոշ մարդկանց կատեգորիա կա, որոնց ընդհանրապես չի կարելի մոտեցնել կառավարման օղակին՝ լինի կենտրոնական, թե մունիցիպալ»,-նշում է փորձագետը։

Նրա խոսքով, ժողովրդին շատ հեշտ է հուզական մոտիվներով ոտքի կանգնեցնել կամ հակառակը՝ սառեցնել։ Ըստ Մեսրոբյանի, դժբախտաբար, թե կառավարչական , թե մշակութային էլիտան, որը պետք է կրթեր ժողովրդին խղճուկ վիճակում է ու դրանով է պայմանավորված, որ «իշխանությունն ու ժողովուրդը միշտ իրար անհաջողություններ են պաս տալու»։

«Եվ ընդդիմությունը, եւ իշխանությունը, եւ ժողովուրդը որակապես նույն խաղն են խաղում, հետեւաբար, ում ուզում եք՝ կարգեք էլիտա, արդյունքը նույնն է լինելու։ Այս իմաստով մենք շատ ներդաշնակ ժամանակներում ենք ապրում, շատ ներդաշնակ ենք մեր իշխանությանը եւ ոչ ոք դժգոհ չպետք է լինի, մենք պետք է ամենաերջանիկը լինենք»։

Դիտարկմանը, թե գործող իշխանությունը մշտապես թմբկահարում է իր լեգիտիմությունն ու ժողովրդի կողմից ընտրված լինելու հանգամանքը, Հարություն Մեսրոբյանն ասաց. «Համաշխարհային պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ ժողովուրդը ընտրում է, չի նշանակում, որ ճիշտ է ընտրում։ Երբ ժողովուրդը ընտրում է հույզերով, դա արդեն ընտրություն չէ, դա նախապատմություն է։ Մեզ մոտ մի արտահայտություն է շրջանառվում՝ «նա լավ է խոսում»։ Որ «լավ է խոսում», ընտրում են ու ստացվում է, որ մենք ոչ թե երկրի ղեկավար ենք ընտրում, այլ հեռուստատեսության դիկտոր»։

Անդրադառնալով Ներդրումների խնդրին, մասնագետը նշում է.«Երբ դու պարբերաբար արծարծում ես «հեղափոխություն» բառը ներդրողը չի գա։ Հեղափոխությունը ենթադրում է հնի կազմաքանդում եւ նորի ստեղծում։ Պատկերացրեք՝ ներդրող եք, մի տեղ, որը քանդում են, սարքում են, փող կդնե՞ք։ Հիմա էլ նոր բան են հորինել՝ տնտեսական հեղափոխություն, չկա նման բան։ Չինաստանը, Հնդկաստանը սրընթաց զարգանում են, լսե՞լ եք նրանց ղեկավարներից հեղափոխություն բառը։ Ես չեմ լսել»։

Մյուս պատճառը, որ ներդրումներ չեն իրականացվում , ըստ Մեսրոբյանի, սեւերի ու սպիտակների բաժանումն է։ Պոտենցիալ ներդրողը վախենում է՝ այսօր «սպիտակ» է, վաղը հնարավոր է «սեւանա». «Ո՞վ է այն խելոքը, որը սկսեց մարդկանց բաժանել սեւ ու սպիտակի, ես նման հայտարարություն անողին ուղղակի իր գույքով պատասխանատվության կկանչեի՝ այն քանակի գույքով, որքան ներդում չի եկել Հայաստան»,-նշում է փորձագետն ու շեշտում՝ արդեն նույնիսկ վերբալ մակարդակում պետության կառավարմանը շատ անլուրջ ենք վերաբերվում։