Այս փուլում Արցախի հարցը չունի խաղաղ լուծում. բովանդակային բանակցություններ չեն սպասվում, իսկ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. Ստեփան Գրիգորյան (Video)


22:35 , 22 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Որքան էլ մեծացնենք մեր ռազմական բյուջեն, չենք կարող հասնել Ադրբեջանի պաշտպանական ծախսերի մակարդակին. մենք պիտի գնանք ոչ թե էքստենսիվ, այլ տեխնոլոգիական զարգացման: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ նրա՝ անհնար է համաչափորեն պատասխանել Ադրբեջանին, նրա հնարավորություններն ավելին են, իսկ մենք նման ռեսուրսներ չունենք.«Մենք դրան պետք է պատասխանենք, օրինակ, բանակում կոռուպցիայի դեմ ավելի արդյունավետ պայքարով: Չենք կարող ասել, թե այսօր բանակում կոռուպցիան իսպառ բացակայում է»:

Քաղաքագետի կարծիքով՝ ՀԱՊԿ-ում մենք վաղուց ընկալման խնդիր ունենք, և դա կարող է փոխհատուցվել Իրանի կամ ՆԱՏՕ-ի հետ մեր ակտիվ աշխատանքով:

Ստեփան Գրիգորյանի պնդմամբ՝ նախկին իշխանություններն այդպես էլ չհաջողեցին ապրիլյան պատերազմից հետո վերականգնել տարածաշրջանային ռազմաքաղաքական բալանսը. «Հիմա շատ ավելի կարևոր է, թե ինչ է անում նոր իշխանությունը: Վերջին մեկուկես տարում ռազմական բալանսի առումով գրեթե ոչինչ չի փոխվել, ո՛չ նահանջ կա, ո՛չ առաջխաղացում»: 

Գրիգորյանի կարծիքով՝բանակցային գործընթացը դադարել է դեռևս 2012-ին՝ կազանյան փաստաթղթի տապալումից հետո, դրանից հետո կողմերի միջև եղել է ընդամենը կարծիքների փոխանակում ու կոշտ հռետորաբանություն. «Այսօր կան կոնտակտներ, կարծիքների փոխանակում, բայց չկա բանակցություն: Նիկոլ Փաշինյանն ուզում է առավելագույնս հեռանալ մադրիդյան սկզբունքներից: 2016-ին Ադրբեջանի հրահրած պատերազմը ցույց տվեց, որ գրեթե անիմաստ է դրանց շուրջ բանակցել: Հիմա մադրիդյան սկզբունքները մեզ կարող են վնաս տալ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ