92-ամյա այս բժշկուհին 10 հազարից ավելի վիրահատություն է իրականացրել և չի էլ մտածում թոշակի անցնելու մասին


22:45 , 22 հոկտեմբեր, 2019

Եթե Դուք անկեղծ սիրում եք Ձեր մասնագիտությունը, ապա ժամանակը չի կարողանա Ձեզ կանգնեցնել: Ասվածի ամենավառ վկայությունը Աննա Լևուշկինան է՝ ռուս վիրաբույժ-պրոկտոլոգ, ում 92 տարին լրացել է այս տարի՝ 2019-ի մայիսին:

Աննա Լևուշկինան ծնվել է 1927թ. մայիսի 5-ին Ռյազան մարզում, անտառահատի և ուսուցչուհու ընտանիքում: Բոլոր հարազատներից միայն մորաքույրն էր թերապևտ, սակայն նա չէ Աննայի մեջ սեր արթնացրել դեպի բժշկությունը: Երիտասարդ տարիքում աղջիկը երազում էր երկրաբան դառնալ: Նրան գրավել էր արշավների ռոմանտիկան և մշտապես դժվարություններ հաղթահարելու հնարավորությունը, սակայն ամեն ինչ փոխվեց ընդամենը մեկ գիրք կարդալուց հետո.

«Ես կարդացի Վիկենտիյ Վերեսաևայի «Բժշկի գրառումները» գիրքը: Այն ինձ այնքան գրավեց, որ որոշեցի բժիշկ դառնալ, չէ՞ որ բժշկի մասնագիտությունը ևս կապված է դժվարություններ հաղթահարելու հետ՝ հիվանդություններ, սեփական հոգնածություն, նորը սովորելու մշտական ձգտում…»:

Պատերազմի ծանր տարիներն ու հետպատերազմական շրջանը չազդեցին ապագա վիրաբույժի կամքի վրա: Ավարտելով դպրոցը հաղթական 1945-ին՝ Ալլա Լևուշկինան ուղևորվեց՝ ընդունվելու մոսկովյան բժշկական համալսարան: Սակայն այնտեղ նրան հիասթափություն էր սպասում. համալսարան կարող էին ընդունվել միայն մայրաքաղաքի ուսանողները: Ժամանակ չկորցնելու համար նա ընդունվեց մանկավարժական համալսարան, սակայն մեկ տարի անց վերադարձավ Մոսկվա և գրանցում ստացավ:

Երրորդ կուրսում աղջկան հնարավորություն ընձեռվեց հայտնի վիրաբույժ Բորիս Պետրովսկու օգնականը դառնալու, որը հետագայում դարձավ ԽՍՀՄ առողջապահության նախարարը: Փոքրամարմին ուսանողուհին ստիպված էր լինում աթոռակի վրա կանգնել վիրահատական սեղանին հասնելու համար: Հենց այդպես էլ նա աշխատում է մինչ օրս:  

Համալսարանն ավարտելուց հետո Ալլա Լևուշկինան երեք տարի աշխատեց Տուվայում. աշխատանքը, իր բոլոր բարդություններով հանդերձ, գրավում էր Ալլային: Սակայն հետագայում նա, միևնույն է, վերադարձավ Ռյազան: Սկզբում աշխատանքի անցավ սանիտարական ավիացիայում, որտեղի բժիշկներն օգնություն էին տրամադրում հեռավոր բնակավայրերի բնակիչներին: Այդ ժամանակահատվածի ընթացքում Ալլան մեծ փորձ ձեռք բերեց, քանի որ վիրահատությունները շատ բարդ էին, և նա երբեմն ստիպված էր լինում աշխատել անգամ դաշտերում ու մառաններում:

Այնուհետև Ալլային առաջարկեցին վիրաբույժ-պրոկտոլոգի կուրս անցնել: Ոչ ոք դա անել չէր ցանկանում, քանի որ խորհրդային տարիներին այն նոր մասնագիտություն էր համարվում: «Հասակդ թույլ չի տա»,- կատակում էին գործընկերները: 4 ամիս անց նա դարձավ շրջանում ոլորտի միակ մասնագետը և աշխատում է արդեն 67 տարի։ Շնորհիվ Ալլայի և նրա գործընկերներից մեկի՝ Ռյազանում պրոկտոլոգիական բաժանմունք է բացվել:

Այսօր Ալլա Լևուշկինան հիվանդանոցի լեգենդներից է, քանի որ կատարել է ավելի քան 10 հազար վիրահատություն: Այս փխրուն կինն աշխատանքի է գնում տաքսիով և հիվանդանոցում շատ դանդաղ է տեղաշարժվում, սակայն նրա ձեռքերի և ուղեղի աշխատանքին կնախանձեն անգամ երիտասարդները, այդ իսկ պատճառով օրվա սկզբին անգամ նրա սենյակի դռան դիմաց մեծ հերթեր են գոյանում:

Հաճախ Ալլան այնպիսի վիրահատություններ կատարելու պատասխանատվություն է ստանձնել, որոնցից հրաժարվել են բոլոր գործընկերները: Նման վիրահատություններից մեկի արդյունքում նրան հաջողվել է փրկել մի կնոջ կյանք, որը հետագայում երկու երեխա է լույս աշխարհ բերել:

Ալլա Լևուշկինան ապրում է իր մասնագիտությամբ, որը նրան ուժ է տալիս: Եվ աշխտատասիրությունը, բնականաբար, պարգևատրվում է. 2014 թ. Ալլա Լևուշկինային շնորհվեց «Մասնագիտության հավատարմության համար» համառուսական մրցանակ: Սակայն ինչպես նախկինում, այսօր ևս բժշկուհին իր մեծագույն մրցանակը համարում է ապաքինված հիվանդներին: