Անմեղ մարդուն բռնել են, իսկ իրավապաշտպանները տվայտվում են


13:04 , 22 հոկտեմբեր, 2019

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է պաշտոնական կեղծիք կատարելու մեղադրանքով, Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Իրավապաշտպաններն ու նաև ուսումնասիրողները պնդում են, որ այդ հոդվածով արարքը համաներման տակ է ընկնում, որ անցյալ տարվա անկախության հռչակման 100-ամյակի առիթով համաներմամբ մինչև 2018-ի հոկտեմբերի 21֊ը այդ հոդվածով արված հանցանքները ազատվում են կալանքից, իսկ Բաբայանին մեղսագրվող արարքը եղել է 2018֊ի մարտին (hetq.am-ի հղումը՝ մեկնաբանությունում)։

Բայց ամենահետաքրքիրը, թե որն է նրա «հանցանքը». politik.am-ը գրում է.

«2018 թվականի մարտի 2-ին (ուրբաթ օրը)՝ աշխատանքային օրվա ավարտին, ԱԺ այն ժամանակվա ընդհանուր բաժնի պետը՝ Ռուզաննա Արզումանյանը, ստացել է ՍԴ-ից համապատասխան փաստաթուղթը, որը պետք է գրանցեր էլեկտրոնային համակարգում։ Արզումանյանն այդ օրը չի գրանցել համակարգում ստացված փաստաթուղթը և այն արել է երկուշաբթի՝ մարտի 5-ին։ Հետագայում, թե ո՞վ և ինչ պայմաններում է համոզել Ռուզաննա Արզումանյանին տալ Արսեն Բաբայանի անունը և իր սխալի համար մեղադրել Արսեն Բաբայանին, այս պահին անհասկանալի է» (հղումը՝ մեկնաբանությունում)»։

Ինչքանո՞վ է ճիշտ այս վարկածը։ Ինչ էլ լիներ, ասենք՝ ինչ-որ փաստաթղթում թիվը սխալ է եղել, կամ այդ արարքի համար Բաբայանին չէին բռնում, այլ ուրիշի, լավ, ասենք, թե Բաբայանն իր վրա է վերցնում, ասում է՝ ես եմ գրանցել, հետո ի՞նչ։ Գուցե գնդակահարե՞ք։ Դեռ հասկանալու կարիք կա՞, թե էս ինչ հեղափոխություն, չէ՛, էս ինչ փորձանք, չէ՛, էս ինչ տեռոր եկավ գլխներիս։

Ու հիմա իրավապաշտպանների այսպիսի խոսքեր կլինեն՝ գիտեք, ես Բաբայանին չեմ ընդունում, նա եղել է նախկին հանցավոր ռեժիմի պաշտոնյա, բայց, դե, երևի չարժեր ձերբակալել։ Չգիտես՝ ապահովագրության համար երկար նախաբանով խոսքը դատապարտո՞ւմ է ռեպրեսիան, թե՞ արդարացնում։ Ու ամեն ռեպրեսիայի նկատմամբ նրանց արձագանքը էնպիսի տպավորություն է թողնում, որ մինչնիկոլյան ժամանակները պաշտպանել են միայն սուրբ Պետրոս առաքյալին ու մեկ էլ Սուրբ Ֆրանցիսկ երանելուն կամ էլ կոլբայի մեջ պահպանվող մարդկային անմեղ սաղմերը։ Հա, իսկ իրենք էլ անապատում փուշ ու տատասկով սնվող ճգնակյաց վանականներ են ու չեն մոտենում «մեղավոր աշխարհին», որ հանկարծ գայթակղությանը չտրվեն։

Լավ, կարան գրեն իրենց սրտի դավթարներում, որ ՍԴ նախագահի աղջիկներին ու հորը ԱԱԾ տանելը մարսվեց, բայց հիմա էլ անմեղ մարդուն նստացրել են, իրավաբանին, փաստաբանին, քաղաքական հայացքներ արտահայտող անձին ձերբակալել են, էլ ի՞նչ պիտի լիներ, որ հասարակությունը ուշքի գար ու հասկանար՝ երկրում պետական տեռոր է։

Կից նյութերն այստեղ՝ Ինչո՞ւ է Բաբայանը ձերբակալվել այնպիսի արարքի կասկածանքով, որի վրա համաներում է տարածվում. ՀՔԾ-ն հստակ պարզաբանում չի տալիս և այստեղ՝ Արսեն Բաբայանին ձերբակալել են ԱԺ այլ աշխատակցի թույլ տված սխալի համար․ նոր մանրամասներ