Ամոթանքի դիմակ. ինչի՞ համար էին ժամանակին կանանց երկաթե դիմակներ հագցնում


15:30 , 22 հոկտեմբեր, 2019

Քաղաքակիրթ Եվրոպան, որն այսօր խոսում է կանանց իրավունքների պաշտպանության ու դրանց կարևորման մասին, միշտ չէ, որ այդպիսին է եղել։ Դժվար կլինի հավատալ, բայց ինչ-որ պահի այստեղ կանայք ոչ միայն զրկված են եղել որևէ իրավունքից, այլև ենթարկվել են ծաղրանքի ու խոշտանգումների, որոնցից է, օրինակ, Ամոթանքի դիմակը։ 

Այսօր մի շարք եվրոպական թանգարաններում հնարավոր է տեսնել անսովոր մի դիմակ։ Այն ամբողջովին երկաթից է, ու վերևում անսովոր զանգ է կախված։ Այս դիմակը ժամանակին ծառայել է կանանց «ամոթանք» տալուն ու նրանց խոշտանգելուն տարատեսակ մեղքերի համար։ 

Ամոթանքի դիմակը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում։ Դժվար կլինի հավատալ, բայց մինչև 1901թ. Մեծ Բրիտանիան չէր հրաժարվում դիմակի օգտագործումից։ Ստեղծումից հետո այն տարածվեց ամբողջ Եվրոպայում ու սկսեց լայնորեն կիրառվել տարբեր երկրների կողմից։ Դիմակը հիմնականում ծառայում էր, որպեսզի լռեցվեին այն կանայք, ովքեր շատ են խոսում, հետաքրքրասեր են և այլն։ Սա, իհարկե, սկզբնական կիրառությունն էր։ Դիմակի կառուցվածքն այնպիսին էր, որ կինը չէր կարողանում առհասարակ խոսել։ Նրա բերանի ամեն շարժումից լեզուն ու շուրթերը վնասվում էին։ 

Ժամանակի ընթացքում ամոթանքի դիմակը սկսեցին կիրառել կանանց բոլոր մեղքերի համար՝ դավաճանություն, սուտ, երեխաների հանդեպ անտարբերություն և այլն։ Հատկապես դավաճանության համար պատժված կնոջը սկզբում հրապարակային կանգնեցնում էին մարդկանց աչքի առաջ ու ամոթանք տալիս։ Նրա վրա իրեր էին շպրտում, հետո հագցնում Ամոթանքի դիմակը։ Ամոթանքի դիմակից հետո տղամարդը բռնում էր կնոջը հատուկ թելով ու ման տալիս ամբողջ քաղաքով մեկ, որպեսզի մարդիկ տեսնեին, որ կինը դավաճան է։ Գլխի զանգն այնքան էր զնգում, որ անհնար էր դավաճան կնոջը չնկատելը։ 

Այնուհետև տղամարդկանց համար ևս ստեղծվեցին Ամոթանքի դիմակներ։ Դրանք մի փոքր տարբերվում էին կանանց դիմակներից։ Դիմակները խոզի մռութի տեսք ունեին, ու դրանցով պատժում էին հիմնականում հարբեցողներին։ 

Որքան էլ որ տղամարդկանց նկատմամբ ևս կիրառվում էին խիստ պատիժներ, կանանց հանդեպ խտրական վերաբերմունքը, միևնույն է, գերակայում էր։ Որոշ երկրներում 20-րդ դարում նոր-նոր սկսեցին հրաժարվել այսպիսի պատժատեսակներից, սակայն դրանց վառ ապացույցները մինչև հիմա կարելի է գտնել պատմության տարբեր թանգարաններում։