Ամեն ինչ թույլատրելի է Նիկոլ Փաշինյանին և իր բերած Կառավարության անդամներին. Անի Կարապետյան (Video)


23:28 , 21 հոկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է․

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի արարքում որևէ իրավախախտում չի եղել։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Անի Կարապետյանը՝ մեկնաբանելով երկու երիտասարդների կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը։ Նշենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննարկվում էր Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի խափանման միջոցի հարցը։ «Սարգիսի դեպքն ընդհանրապես աբսուրդի ժանրից է, որովհետև նա այսօր գտնվում է կալանքի տակ զուտ նկարահանում կատարելու համար»,- ասաց Անի Կարապետյանը։ Հիշելով՝ դատավորների նկատմամբ այլ ճնշման դեպքեր, Անի Կարապետյանն ընդգծեց վարչապետի կողմից դատարանների մուտքերն արգելափակելու կոչը։ «Դատավորներից մեկն անգամ դիմել էր Դատախազություն և գործին ընթացք չէր տրվել։ Սա փաստում է նրա մասին, որ ՀՀ-ում գործում է երկակի ստանդարտներ։

Ամեն ինչ թույլատրելի է Նիկոլ Փաշինյանին և իր բերած Կառավարության անդամներին և աջակիցներին, իսկ արդարությունը ՀՀ-ում այս պահից սկսած չի գործում»,- ասաց Կարապետյանը։ Նրա խոսքով՝ սա պահանջ չէ, այլ արդարադատության վերականգնման ցանկություն է։ Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանին, ում վարույթում է գտնվում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, մոտեցել են երկու երիտասարդ՝ Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը, ու ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, հետաքրքրվել, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Դեպքին անմիջապես անձագանքել էր Բարձրագույն դատական խորհուրդը` նշելով, որ դատավորին տրվել է թիկնապահ, իսկ ԲԴԽ նախագահը մեկնել էր դեպքի վայր։ Հավելենք, որ Աննա Դանիբեկյանը կատարվածի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել Ոստիկանությանը։ Հետագայում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 343-րդ հոդվածի 3-րդ մասով,սակայն մեղադրանքն առաջադրվել էր 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատությանը խոչընդոտելու համար։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ինչի վերաբերյալ փաստաբանը ներկայացրել է վերաքննիչ բողոք։