Այսօր մենք նույն սխալներն ենք անում, ինչ 1991-ին. չի կարելի ջարդել համակարգի կադրերին. Հարություն Մեսրոբյան (Video)


21:41 , 21 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Երբ չկա կառավարչական թիմ և զարգացման ծրագիր, հրաժարականները բնական են: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Հանրային խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը. «Պետք է հստակ սահմանենք՝ ինչ պետություն ենք ուզում ունենալ: Նայեք Իսրայելի, Չինաստանի, Սինգապուրի օրինակները. այս երկրները սրընթաց զարգացում են ապրել, քանի որ նախ զարգացման հայեցակարգ են մշակել, ապա թիմն է հավաքվել»:

Ըստ Մեսրոբյանի՝ 1991-ից ի վեր Հայաստանում ներկայացված կառավարման ռազմավարական ծրագրերից որևէ մեկն իրատեսական չէ. «Ծրագիրը պետք է ունենա ոլորտային բաժիններ, ամեն ոլորտը՝ ըստ եռամսյակի, որի վերջում պետք է լինեն որակական և քանակական չափորոշիչներ, և ամեն ոլորտի համար պետք է լինի գլխով պատասխանատու պաշտոնատար անձ»:

Փորձագետի կարծիքով՝ եթե չգիտենք, օրինակ, թե ՀՀ-ի ռազմավարական օբյեկտներն ինչ կարգավիճակով են աշխատելու, ուրեմն պետական ծրագիր չկա:

«Թյուր կարծիք կա, որ եթե բարձրացնենք չինովնիկների աշխատավարձերը կամ պարգևավճարներ նշանակենք, կոռուպցիան կվերանա: Ուզում եք՝ տասնապատիկ բարձրացրեք աշխատավարձերը, կոռուպցիան չի վերանա, քանի որ եթե չինովնիկին առաջարկեն իր աշխատավարձի կրկնապատիկը, նա կգնա դրան»,- ասել է փորձագետը՝ պնդելով, որ համակարգային կոռուպցիան դուրս կմղվի միայն այն ժամանակ, երբ պետական ծառայությունների սպասարկման արագությունը և որակը չտուժի՝ անկախ նրանից՝ կաշառք տրվո՞ւմ է, թե՞ ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ