Ընտրությունը մերն է՝ անգիտակից հրճվանքով ապրող ժողովու՞րդ, թե՞ պատերազմի մեջ գտնվող երկրի կանոններով ապրող ազգ


18:02 , 21 հոկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Օրերս հրապարակվել է Ադրբեջանի 2020 թ․ պետբյուջեի նախագիծը, ըստ որի ողջ եթե ողջ պետբյուջեի ծախսերն աճում են ընդամենը 1,7%-ով, ապա պաշտպանական բյուջեի աճը ահագին է՝ 20,9%-ով, այսինքն՝ այն հասցվել է 2,267 մլրդ ԱՄՆ դոլարի, որից էլ՝ 945 մլն դոլարը նախատեսվում է սպառազինությունների գնման և ռազմարդյունաբերական ներդրումների համար։ Ասել է՝ թե Ադրբեջանն անթաքույց պատրաստվում է պատերազմի:

Դավադրությու՞ն համարենք, թե՞ անգիտակից անհոգություն այն, որ Հայաստանի կառավարությունը սառեցնում է ռազմական ծախսերի աճը, այն դեպքում, երբ ընդհանուր պետական բյուջեն 2020 թվականին նախատեսվում է ավելացնել 14%-ով, ինչը նշանակում է պաշտպանական ծախսերն առնվազն համամասնորեն ավելացնելն անհրաժեշտություն է, էլ չասած, որ մեր աչքի առաջ հակառակորդը կոնկրետ քայլեր և գործողություններ է անում այդ ուղղությամբ:

Իսկ ի՞նչ ենք անում մենք…

Այս համատեքստում մենք ականատես ենք լինում ի ցույց աշխարհի, Հայաստանի, Արցախի ու ի տես մեր թշնամիների՝ ՀՀ վարչապետի կիրակնօրյա իդիլլիկ նիրհին՝ ընտանեկան գինեխմությունից հետո: Ի՞նչ մեսիջ է սա՝ եթե ոչ՝ անհոգության ցուցադրանք:

Զուգահեռաբար էլ, որպես պատասխան այս անհոգության տեսնում ենք նույնքան անհոգ կառավարություն, նույնքան անհոգ ԱԺ մեծամասնություն և նույնքան անհոգ և մի տեսակ անգիտակից հրճվանքով վարչապետի գովքն անող ժողովրդի մի ստվար զանգված:

Այսինքն, է՞լ ինչ պիտի անի Նիկոլ Փաշինյանը, որն ըստ էության, ամեն ջանք կարծես գործադրում է, որ ժողովուրդն իրենից հիասթափվի: Իր հազար ու մի հեղափոխական խոստումների չկատարումից ու դրանց գագաթնակետ հանդիսացող՝ Ամուլսարը հանք դարձնելուն տոտալ դեմ ընդդիմադիր պատգամավորից՝ վարչապետ և Ամուլսարի շահագործման ջատագով դառնալուց, Ստամբուլյան կոնվենցիան ազգին պարտադրելուց, դատարանների դռները փակելու հրաման տալուց և դատավորների դերը զրոյացնելուց, կոռուպցիայի անհաշտ մարտիկից՝ Սահմանադրություն և օրենք ոտնահարելով ՍԴ դատավորներին կաշառք առաջարկելուց, բյուջեի մսխումներից՝ 300 հազար դոլարանոց ծառայողական ավտոմեքենայից, երկու միլիոն դոլարանոց տան նորոգումից և 450 հազար դոլարանոց ԱՄՆ կատարած ուղևորությունից, Հայաստան-Արցախ բաժանարար գծեր գծելուց, ուժայիններին և պրոֆեսիոնալ բարձրաստիճան սպաներին պաշտոնանկ անելուց, ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին՝ ընդհուպ՝ թոշակառու հորը և դուստրերին 37-ի դրսևորումներով ԱԱԾ՝ հարցաքննության հրավիրելուց և օրենքն ու իրավունքը ես եմ ասելուց հետո էլ՝ հայ ժողովրդի մի ստվար զանգված ,,սիրում-փարում է նրան,,…Լավն է՝ ասում է, Նիկոլը… և հավանության ու սիրո ,,սմայլիկներ,, հղում առ ՀՀ վարչապետ:

Որը պատերազմական իրավիճակում՝ ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարն է…

Ցավոք, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ՝ ժողովրդի մի ստվար հատված չեն գիտակցում, որ ,,Գերագույն գլխավոր հրամանատար,,-ը բառերի շարան չէ, նա է, որ հայությանը, ազգի բոլոր հատվածներին իր իսկ օրինակով պիտի ցույց տա՝ ինչ ասել է՝ ապրել պատերազմի մեջ գտնվող երկրի կանոններով: Ամեն Աստծո օր ու ժամ: Բայց մենք բոլորովին այլ դրսևորումների ականատեսն ենք՝ փառատոնից փառատոն համտեսից ու դեգուստացիաներից, դեմոնստրատիվ հայտարարություններից, սելֆիներից, ֆլեշմոբերից ու լայվերից, ուր որ է՝ տնտեսական հեղափոխության հաղթանակին հասնելու ամպագոռգոռ ելույթներից անդին այլ բան չենք տեսնում, ինչը նշանակում է պահի, իրավիճակի լրջությունը չի գիտակցվում Գերագույն գլխավորի և իր թիմի կողմից:

Եթե վերջ չտանք մեր այս անհոգությանը և չսովորենք ազգովի ապրել պատերազմի մեջ գտնվող երկրի կանոններով, այս անգամ դժվար թե Արցախյան նոր հաղթանակ ունենանք: /Այս մասին, ի դեպ, նաև՝ 2016-ի ապրիլյանից հետո եմ գրել/:

Իսկ ունենալու համար Նժդեհի և Արամի օրինակով ղեկավարը պարտադիր պայման է: