Բավական հանգուցային ներքաղաքական զարգացումներ են ընթանում Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում


16:32 , 21 հոկտեմբեր, 2019

Հոկտեմբերի 9-ից #Թուրքիայի կողմից #Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական խմբավորումների դեմ իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողությունն էականորեն ստվերել է մերձավորարևելյան մի շարք երկրներում ծավալվող հույժ կարևոր ներքաղաքական գործընթացները:

Մասնավորապես, #Իսրայելում լրանում է վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից կառավարություն ձևավորելու ժամկետը, և ենթադրվում է, որ նախագահ Ռեուվեն Ռիվլինն արդեն նոր մանդատը կտա ընդդիմության թեկնածու Բենի Գանցին: Զարգացումների նման սցենարը կարող է զգալիորեն սահմանափակել Իսրայելի ներգրավվածությունը տարածաշրջանային մի շարք կարևոր գործընթացներում, քանի որ դրանց հետ կապված գործընկեր դերակատարների հիմնական խաղադրույքը կատարված էր ներկայումս գործող քաղաքական ուժերի կոալիցիայի հետ համագործակցության վրա:

Ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել Հայաստանի համար բավական կարևոր երկիր հանդիսացող #Լիբանանում, որտեղ արդեն մի քանի օր է՝ չեն դադարում զանգվածային բողոքի ակցիաները: Սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով բռնկված տարաբնույթ գործողություններն, աստիճանաբար ստանալով քաղաքական երանգավորում, լուրջ ճգնաժամ են հասունացրել այդ երկրում: Հոկտեմբերի 21-ը կարևոր օր է Լիբանանի համար՝ պայմանավորված վարչապետ Սաադ Հարիրիի ներկայացրած տնտեսական ծրագրի նկատմամբ լիբանանյան քաղաքական ուժերի դիրքորոշման և փողոցային ակցիաները դադարեցնելու առումով այդ համաձայնության ազդեցության հանգամանքով:

Եթե Լիբանանում ստեղծված լարվածությունն արագ հանգուցալուծում չստանա, ապա, նաև հաշվի առնելով արտաքին որոշ դերակատարների նշմարվող կուլիսային քայլերը, ծրագրերը՝ միտված նեղ շահերի սպասարկմանը, ճգնաժամի հետագա խորացումը կարող է հանգեցնել բավական փխրուն կառավարման համակարգ ունեցող և խիստ երերուն ուժային հավասարակշռության վրա ձևավորված գործող ստատուս-քվոյի տապալմանը՝ երկիրը մղելով համակողմանի ճգնաժամի տևական շրջափուլ: