Այս աղջիկը վերելակում էր, երբ ուժեղ պայթյուն լսվեց, նա ընկավ 300 մետր ու այրվեց. ինչպե՞ս դասավորվեց նրա ճակատագիրը


15:30 , 21 հոկտեմբեր, 2019

1945թ.-ն էր, երբ 103-հարկանի Էմփայր Սթեյթ երկնաքերն ուժեղ հարված ստացավ. ինքնաթիռը մառախլապատ եղանակի պատճառով չէր կարողացել ճիշտ կողմնորոշվել, հարվածել էր երկնաքերին ու ընկել։ Դրա արդյունքում զոհվեց շուրջ 14 մարդ, որոնցից 3-ը հենց ինքնաթիռի անձնակազմից էր, սակայն այս պատմությունը զարմանալի 20-ամյա աղջկա մասին է, ով, չնայած մահվան 3 փորձություններին, կարողացավ ապրել ու պայքարել իր բաժին երջանկության համար։ 

Բեթի Լու Օլիվերը 20-ամյա աղջիկ էր, ով, չնայած իր վաղ տարիքին, հասցրել էր ամուսնանալ ու կապել իր կյանքը նավաստու հետ։ Նա աշխատում էր Էմփայր Սթեյթում՝ որպես վերելակավար․ նրա պարտականությունը վերելակ նստողներին ուղեկցելն էր այն հարկ, որը նրանք ուզում էին բարձրանալ։ Այդ օրը Բեթին սովորականի նման աշխատում էր, սակայն նրա աշխատանքային վերջին օրն էր դա. նա որոշել էր ազատվել աշխատանքից ու իրեն ամբողջովին նվիրել իր ընտանիքին։ 

Բեթին վայելում էր աշխատանքային վերջին օրը, երբ ուժեղ հարված լսվեց։ Հարվածն այնքան ուժգին էր, որ նրան շպրտեց վերելակից դուրս՝ որոշ կոտրվածքներով։ Փրկարարները, ովքեր եկան Բեթիին օգնության, նրան առաջին օգնություն ցուցաբերեցին ու տեղափոխեցին մեկ այլ վերելակ, որտեղ Բեթին պետք է էվակուացվեր, մինչև որ կհասներ հիվանդանոց։ Սակայն փրկարարները տեղյակ չէին, որ Բեթիի այս նոր վերելակը հարվածից խախտվել է ու չի կարող դիմանալ ոչ մի ծանրության։ Մինչ նրանք գլխի կընկնեին, վերելակը պոկվեց, ու Բեթին ընկավ շուրջ 300 մետր։ Նա ավելի լուրջ կոտրվածքներ ու անգամ այրվածքներ ստացավ։ 

Զարմանալին այն էր, որ, չնայած այդպիսի բարձրությունից ընկնելուն, Բեթին չկորցրեց իր գիտակցությունը, դուրս եկավ վերելակից ու օգնություն կանչեց։ Նրան օգնության հասան հրշեջները, ովքեր կրակը հանգցնելու ընթացքում ուղղակի նրան այնքան ողողեցին ջրով, որ Բեթին քիչ էր մնում՝ խեղդվեր։ Նրան արհեստական շնչառության օգնությամբ հազիվ ետ բերեցին։ Մահվան 3 հարված ստացած աղջիկը հասցվեց հիվանդանոց։ Նա կոտրել էր երկու ոտքը, բազմաթիվ այլ, մանր, կոտրվածքներ ստացել ու տեղ-տեղ այրվել, սակայն 8 ամիս անց նա դուրս գրվեց հիվանդանոցից ու շարունակեց ապրել։ 

Բեթին երջանիկ ընտանեկան կյանք վայելեց։ Նա ունեցավ 3 երեխա, մեծացրեց անգամ իր թոռներին։ Բեթին մահացավ գրեթե 80 տարեկան հասակում։ Նրա պատմությունն ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում, ու նա ընդմիշտ մնաց պատմության մեջ իր զարմանալի ու անհավանական պատմությամբ։