ՀՀ իշխանությունները չպետք է միջամտեն Արցախի նախագահական ընտրություններին, ԱՀ-ի ժողովուրդը քաղաքականապես հասուն է, իր ապագա իշխանության հարցն ինքը կլուծի. Վ. Աթանեսյան


12:12 , 20 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ես, միանշանակ, հայտարարում եմ՝ ՀՀ իշխանությունները չպետք է միջամտեն Արցախի նախագահական ընտրություններին: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, որ ՀՀ իշխանությունների համար ընդունելի թեկնածուն ԱՀ ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանն է:

«Արցախի ժողովուրդը քաղաքականապես հասուն, կայացած, որոշումներ ընդունելու ունակ հանրություն է, և նա ինքը պետք է լուծի իր ապագա իշխանության հարցը, ինչպես դա սահմանված է Արցախի Սահմանադրության մեջ և Ընտրական օրենսգրքում»,-ասաց նա:

Ըստ Վահրամ Աթանեսյանի՝ բնական և նորմալ է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը որևէ թեկնածուի կամ քաղաքական ուժի սատարելու խնդիր չի դնում: «Շատ նորմալ է և ողջունելի, որովհետև նախագահը, չլինելով կուսակցական, ինչո՞ւ պետք է որևէ թեկնածուի աջակցի, ունի սահմանադրական լիազորություններ, կոչված է ապահովելու ընտրությունների ազատությունը, արդարացիությունը, թափանցիկությունը և մրցակցայնությունը, և Արցախի նախագահը փայլուն կատարում է սահմանադրական լիազորությունները»,-ասաց նա:

Քաղաքագետը չի կիսում այն տեսակետները, թե Արցախի և Հայաստանի իշխանությունների հարաբերությունները փայլուն չեն: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների դեմ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, ապա Աթանեսյանը չի կարծում, որ Արցախում Վիտալի Բալասանյանի նման մտածողները շատ են:

«Նրա հայտարարություններն ուղղված են ՀՀ-ի քաղաքական ուժերին, Արցախում նման խնդիր գոյություն չունի, որ Արցախի հանրության մի շերտ ընդդիմադիր է հայաստանյան իշխանություններին: Նման քաղաքական իրողություն գոյություն չունի: Եվ ես Բալասանյանի հայտարարությունները չեմ կարող օրինաչափ համարել, ես պարզապես համոզված եմ, որ Արցախի նախագահի թեկնածուն պետք է խոսի Արցախի ներքին խնդիրների և ղարաբաղյան հարցի կարգավորման իր տեսլականի մասին, ոչ թե քննադատի ՀՀ իշխանություններին, այսինքն` դա նախագահի թեկնածուի այսպես ասած՝ քաղաքական պլատֆորմ չէ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ