Տիգրան Քոչարյան. «Կուզե՞ս քեզ ցույց տամ 20 տարի հետո ինչպիսին կլինես, բայց տանդ բանալին տաս ինձ»


16:38 , 3 հուլիս, 2013

Տիգրան Քոչարյան. «Կուզե՞ս քեզ ցույց տամ 20 տարի հետո ինչպիսին կլինես, բայց տանդ բանալին տաս ինձ»Aravot.am-ը գրում է.

Ըստ բլոգեր Տիգրան Քոչարյանի՝ հենց այդպես են մարդիկ միամտորեն իրենց տվյալները հանձնում տարբեր անհասկանալի կայքերի եւ «վիրուսակիր» դառնում «Ֆեյսբուքի եւ սոցիալական ցանցերի վտանգների մասին այսօր խոսեցին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը եւ բլոգեր Տիգրան Քոչարյանը: Նրանք մեկ անգամ եւս հիշեցրեցին, որ համացանցը բաց տարածք է, եւ եթե դու այդ բաց տարածքում ազատ տարածում ես քո մասին որեւէ տեղեկատվություն, չպետք է զարմանաս, եթե մի օր դա քո դեմ դուրս գա: Տիգրան Քոչարյանը ասաց, որ հաճախ է տեսնում, թե ինչպես են տարբեր պաշտոնյաներ սրճարաններում wi-fi-ով մտնում սոցցանց, առանց մտահոգվելու, որ այդպես իրենք իրենց տվյալները հերթական օղակին են փոխանցում, մասնավորապես՝ տվյալ սրճարանի անլար կապ ապահովող «ռոութերին»: Խոսելով սոցցանցերի միջոցով ծանոթություններ հաստատելու արդյուքնում պետական գաղտնիքներ հայտնելու վտանգների մասին, նա ասաց, որ կողմ է այն բանին, որ ՊՆ-ի եւ ուժային այլ կառույցների կարեւոր պաշտոնյաները, որոնք պետական գաղտնիքների են տիրապետում, լուրջ վերահսկողության տակ լինեն՝ «կամ պետք է արգելել նրանց համացանց մտնել, կամ վերահսկել՝ ուրիշ տարբերակ չկա»: Եվ այս պարագայում խոսքի ազատության կամ անձնական կյանքի գաղտնիության մասին խոսակցությունները նա համարում է անտեղի. «Մասնագիտություններ կան, որոնք, եթե ընտրում ես, պետք է դրա պատասխանատվությունը գիտակցես, ոչ ոք քեզ չի խնդրում գնալ եւ աշխատել մի հիմնարկում, որտեղ պետական գաղտնիքներ կան, սակայն եթե դու ընտրում ես այդ աշխատանքը, պետք է իմանաս, որ վերահսկողության տակ ես լինելու, եւ դա բնական է»: Ինչ վերաբերվում է գաղտնիքներին, ապա, ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի, ներկայիս պայմաններում այնքան էլ հեշտ չէ տարբերակել գաղտնիքը ոչ գաղտնիքից. «Հայաստանը անընդհատ հերքում էր, որ S 300 ունի, բայց ամբողջ համացանցը գիտեր, որ ոչ միայն ունենք, այլեւ որտեղ են դրանք տեղակայված, որովհետեւ Google maps-ի վրա շատ պարզ երեւում էր: Գաղտնիքների հարցը այս արագ փոփոխվող իրականության մեջ մի քիչ բարդ է»: Տիգրան Քոչարյանն էլ ասաց, որ, եթե, օրինակ, որեւէ զինվոր ՖԲ բաց տարածքում գրի, որ այսինչ զորամասում, որտեղ դու ծառայում ես, բարոյալքված վիճակ է, հրամանատարը լավը չի, թշնամին կարող է պատկերացում կազմել, թե որոնք են թույլ տեղերը, որտեղ զինվորները շահագրգռված չեն դիրքերը պահելու եւ համապատասխան հետեւություն անել:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ