Ահա թե ինչու հին լուսանկարներում մարդիկ երբեք չեն ժպտում. մի քանի պատճառ, որոնք դուք չէիք գուշակի


15:30 , 19 հոկտեմբեր, 2019

Նկատե՞լ եք արդյոք, որ հին լուսանկարներում մարդիկ, չգիտես ինչու, երբեք չեն ժպտում, ու արդյո՞ք ձեզ մոտ հարց չի առաջացել, թե ինչու։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ այն կարևոր պատճառներին, որոնք ստիպել են մարդկանց չժպտալ ու լուսանկարվելու ընթացքում առավելագույնս լուրջ լինել։ 

Կադրը երկար որսալու գործընթացը

Քանի որ 19-րդ դարում դեռ հնարավոր չէր միանգամից լուսանկարել մարդուն, ու հաճախ նրանք պետք է մի քանի րոպե անշարժ նստեին, որպեսզի լուսանկարիչը երկար պահման արդյունքում որսար կադրը, նրանց հաճախ ցուցվում էր ուղղակի անշարժ նստել ու չշարժվել, որպեսզի լղոզված կադր չստացվեր։ 

Այս պայմանի արդյունքում շատերը ստիպված էին մի քանի րոպե ուղղակի անշարժանալ աթոռին նստած։ Քանի որ այս դժվարությունները հանգեցնում էին նրան, որ մարդը միևնույն դեմքի արտահայտությամբ ստիպված էր լինում մի քանի րոպե քարանալ, շատերը նախընտրում էին ուղղակի չժպտալ, որովհետև նույն ժպիտով, անշարժացած մի քանի րոպե նստելը ոչ բոլորին կարող է հաջողվել։ 

Միայն 20-րդ դարում արդեն լուսանկարիչները կարող էին իրենց թույլ տալ տեխնիկապես արագ լուսանկարել մարդուն։ Մինչ այդ անգամ երեխաներին երբեմն կապում էին աթոռին, որպեսզի չշարժվեն, ու կարողանան լուսանկարվել։ Զուտ տեխնիկական անկարողությունը այն պատճառներից մեկն էր, որ ստիպում էր չժպտալ կադրում։ 

Չխնամված ատամանաշարը

19-րդ դարում մարդիկ շատ մեծ խնդիր են ունեցել իրենց ատամները խնամելու, այդ իսկ պատճառով ոչ բոլորն են ցանկացել ցույց տալ այն ատամնաշարը, որը, մեղմ ասած, հեռու է եղել կատարելությունից։ Ատամի խնամքի ու սպիտակեցման մեթոդներն այնքան տարօրինակ են եղել, որ անգամ հնարավոր էր գտնել ցուցումներ, որտեղ նշվում էր, որ երեխայի ատամը պետք է մշակել հերոինով, որպեսզի այն փայլի։ 

Այսպիսի պատկերացումների պարագայում զարմանալի չէ, որ շատերն ուղղակի նախընտրում էին չժպտալ ու ցույց չտալ ատամների բոլոր հնարավոր թերությունները։ 

Ժպիտը՝ որպես հիմարության նշան

Նախ՝ նշենք, որ ժպիտի հետ կապված կա երկու պատճառ։ Դրանցից մեկն այն է, որ քանի որ մարդիկ չէին կարող թույլ տալ իրենց հաճախ լուսանկարվել, նրանք լուսանկարվում էին այնպես, որ հետո այդ լուսանկարն իրենց մահից հետո օգտագործվեր որպես մահացածի լուսանկար ու դրվեր շրջանակի մեջ։ Այս մշակույթի պատճառով, որը վերացավ միայն 20-րդ դարում, մարդիկ փորձում էին լուսանկարվել որքան հնարավոր է լուրջ ու հավաքված։ 

Մյուս պատճառն էլ այն էր, որ հասարակ մարդիկ չէին կարող իրենց թույլ տալ լուսանկարվել, ու հաճախ լուսանկարվում էին հենց այն մարդիկ, ովքեր բավականին հարուստ էին։ Այդ ժամանակներում կար կարծիք, որ հարուստ մարդիկ պետք է ավելի լուրջ լինեն, որովհետև ժպտալը ավելի շատ հիմարներին բնորոշ երևույթ է։ Սա է պատճառը, որ մարդիկ աշխատում էին չժպտալ ու չթողնել հիմարի տպավորություն։