Էդվարդ Նորթոնը Հռոմի կինոփառատոնում ներկայացրել է իր «Որբերի Բրուքլինը» ֆիլմը


19:00 , 18 հոկտեմբեր, 2019

«Որբերի Բրուքլինը» ֆիլմի պրեմիերայով հոկտեմբերի 17-ին բացվել է Հռոմի միջազգային կինոփառատոնը, որը Հռոմում անցկացվում է 14-րդ անգամ։ Որպես ռեժիսոր եւ սցենարիստ հանդես է եկել ամերիկացի դերասան Էդվարդ Նորթոնը, որը ֆիլմում խաղացել է գլխավոր՝ մասնավոր խուզարկուի դերը, որը տառապում է Թուրեթի համախտանիշից (նյարդային համակարգի հիվանդություն):

Ժապավենի հիմքում, որը հանդիսատեսին խորասուզում է 20-րդ դարի կեսերի Նյու Յորքի մթնոլորտի մեջ, ամերիկացի ժամանակակից գրող Ջոնաթան Լեթեմի վեպն է: Նորթոնի խոսքով՝ իր ֆիլմը «իշխանության, կոռուպցիայի եւ ռասիզմի» մասին է:

«Այսօր աշխարհում ինչպես երբեք սիրահարված են զորեղներին»,-մեկնաբանել է Նորթոնը: Իր երկրորդ ֆիլմում, որը միջազգային բազմաթիվ դերասանական պարգեւների դափնեկիր Նորթոնը որպես ռեժիսոր նկարահանել է երկարատեւ ընդմիջումից հետո, հավաքել է աստղային կազմ. նկարահանվել են Ալեք Բոլդուինը, Ուիլեմ Դեֆոն եւ Բրյուս Ուիլիսը:

Ընդամենն այս տարի տարբեր ծրագրերում, ներառյալ հատուկ ցուցադրությունները, ներկայացված են 33 գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր: Դրանց թվում է Մարտին Սքորսեզեի վերջին՝ «Իռլանդացին» ֆիլմը՝ Ռոբերտ դե Նիրոյի եւ Ալ Պաչինոյի մասնակցությամբ:

Հռոմի կինոփառատոնը ոչ մրցութային ստուգատես է, այն կոչված է հանրությանը ծանոթացնել արդի համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն նմուշներին: Ուստի միակ հաղթողին ընտրում են հանդիսատեսները՝ ինտերակտիվ քվեարկության ճանապարհով։