Իսպանիայի այս թագուհին միակն է, ով կյանքում լողացել է ընդամենը երկու անգամ. ինչո՞ւ


15:30 , 18 հոկտեմբեր, 2019

Միջնադարյան Իսպանիան առանձնանում էր իր բարքերով, որոնք չէին շրջանցում նույնիսկ թագավորական ընտանիքներին։ Այսպիսի բարքերի զոհ դարձավ նաև Իսպանիայի ամենահայտնի թագուհիներից մեկը՝ Իզաբելան, ով իր կյանքում լողացել է ընդամենը երկու անգամ։ Ինչո՞ւ։ 

Տարիներ առաջ երիտասարդ Իզաբելան Հռոմի պապից թույլտվություն վերցնելուց հետո ամուսնացավ Իսպանիայի ապագա թագավոր Ֆերդինանդ 2-րդ Արագոնի հետ։ Նա կաթոլիկ էր ու նրա ամուսինը՝ ևս, այդ պատճառով այս երկուսը դարձան օրինակելի թագավոր ու թագուհի Իսպանիայի համար՝ ավելի տարածելով կաթոլիկ գաղափարախոսության արմատները։ Նրանք վայելում էին ոչ միայն Հռոմի պապի, այլ նաև իսպանացիների համակրանքը։ 

Սակայն սա չէր, որ այս երկուսին դարձրեց հայտնի։ Ըստ տարածված շշուկների՝ Իսպանիայի թագուհին համարվում է միակ թագուհին աշխարհում, ով լողացել է իր կյանքում ընդամենը երկու անգամ։ Որոշ պատմաբաններ նշում են անգամ, որ թագուհին առհասարակ չի էլ լողացել, իսկ ոմանք էլ վստահ են, որ նա լողացել է ընդամենը մեկ անգամ։ 

Մի վարկածի համաձայն, երբ Իզաբելան դարձավ թագուհի, նա ուխտ կապեց, որ չի լողանա այնքան ժամանակ, մինչև որ իր ենթակաները չկարողանան գրավել Գրանադան։ Միայն Գրանադայի գրավումից հետո նա խոստացավ լողանալ։ Այս վարկածի համաձայն, երբ Գրանադան վերջապես գրավեցին, Իզաբելա թագուհին ուղղակի վազեց գետն ու սկսեց արագ լողանալ՝ իր հետ տանելով նաև իր նախընտրած օճառը։ Այդ օրվանից օճառը կոչվեց «Կաստիլյան» օճառ ու սկսեց տարածվել ու վաճառվել ամբողջ Եվրոպայով մեկ։ 

Սակայն, եթե պնդենք, որ այս տեսությունը ճիշտ է , ապա դուրս է գալիս, որ ինքը՝ Իսպանիայի թագուհին, ով հայտարարել է, որ իր կյանքում լողացել է ընդամենը երկու անգամ, ստում էր։ Փորձագետները թագուհու երկու անգամ լողանալուն տալիս են լրիվ այլ բացատրություն։

Լուրերն ու հետազոտությունները, որոնք ապացուցում են, որ Միջնադարյան Եվրոպան երբևէ չի փայլել իր մաքրասիրությամբ, ստիպում են անել հետևյալ եզրակացությունը․ կաթոլիկ եկեղեցին, մասնավորապես՝ Հռոմի պապերի իշխանությունը, երբևէ թույլ չի տվել, որ հատկապես ազնվական ծագումով մարդիկ շատ լողանան։ Նրանցից շատերը նշել են, որ առողջ ու երիտասարդ առաջնորդները կարիք չունեն լողանալու, դա միայն հիվանդների համար է։ 

Ըստ այս տեսության՝ թագուհի Իզաբելան ուղղակի չի ցանկացել բարձրաձայնել, որ ինքը լողանում է, որովհետև դրանից հետո շատերը կմտածեին, որ ինքը հիվանդ է, ուստի նա նախընտրում էր հայտարարել, որ լողացել է իր կյանքում ընդամենը երկու անգամ, որ խուսափի կաթոլիկ եկեղեցու ու արքունիքի քննադատություններից։ Բացի այդ, քանի որ Միջնադարյան Եվրոպայում ոչ բոլորն էին կարող իրենց այդպիսի ճոխություն թույլ տալ ու պարբերաբար լողանալ, թագուհին ցանկացել է ցույց տալ իր հպատակներին, որ ինքն էլ նույն պայմաններում է գտնվում, ու ինքը բարձր չէ ոչ ոքից։ 

Այսպես՝ թագուհի Իզաբելան, ով մինչև օրս հարցական թողեց, թե արդյո՞ք նա իրոք 2 անգամ է միայն լողացել իր կյանքում, այդպես էլ մահացավ՝ մինչև իր մահը չբարձրաձայնելով իր առեղծվածը, սակայն պահպանելով իսպանական թագավորական թագն ու մնալով պատմության մեջ որպես ամենաչլողացած թագուհի։