Եթե պատերազմում զոհվածների հարազատները չստանան նույն հատուցումը, ինչ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները, կստացվի՝ իշխանությունները ներքաղաքական բախումների ժամանակ զոհվելն են խրախուսում. քաղաքագետ


21:03 , 17 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Եթե այդ մարդիկ հավասար պայմաններում  նույն օգնությունը չստանան, ինչ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները, կստացվի, որ իշխանությունները ներքաղաքական բախումների ժամանակ զոհվելն են խրախուսում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով «Զինվոր» համակարգող խորհրդի անդամների պահանջներին:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Զինվոր» համակարգող խորհրդի անդամները, որոնց վրդովվեցրել էր այն հանգամանքը, որ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին Կառավարությունը 30 մլն դրամ գումար է փոխհատուցում, իսկ զոհված զինվորների ընտանիքներին այսքան տարիների ընթացքում ոչ մի նման աջակցություն չի եղել:

Դիտարկմանը, որ խոսքը 6646 հոգու փոխհատուցելու մասին է, և «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին փոխհատուցելու որոշմամբ արդյո՞ք իշխանությունը սոցիալական ական չի դրել, նա պատասխանեց․ «Ընդհանրապես, երբ իշխանությունը մի քայլ է կատարում, դրանով նա իր հաջորդ քայլերը չի հաշվում, չի էլ պատկերացնում, չի հասկանում, որ պետությունը դա մի հիերարխիկ համակարգ է, որտեղ եթե դու ինչ-որ մեկին ուզում ես ինչ-որ արտոնություն տալ, պետք է մյուսին էլ, էն մյուսին էլ պարտադիր տաս այդ արտոնությունը: Այս դեպքում իշխանությունը համարում է, որ պետությունն ինքն է և շարժվում է իր քմահաճույքներով»,- ասաց նա:

Ըստ Բոզոյանի՝ իշխանությունը փոխհատուցում է «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին, որովհետև այդ մարդիկ իր համար են պայքարում: «Սակայն բազմաթիվ նման մարդիկ կան, նմանատիպ խնդիրներ են եղել և 1996 թվականին, և 2013 թվականին, և հաջորդ տարիների ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ: Բացի այդտեղ կա նաև ավելի լուրջ պռոբլեմ. ի վերջո, եթե մարդը զոհվել է հայրենիքի համար, ապա ի՞նչ է, այդ մարդն ավելի ցա՞ծր կարգավիճակ ունի, քան այն մարդը, որը զոհվել է ներքաղաքական բախումների արդյունքում։ Իհարկե ոչ: Եթե պետությունն այդպիսի մեսիջ ուղարկի, հասարակ մարդը կընկալի, որ ավելի կարևոր է ներքաղաքական պայքարում բախումների արդյունքում զոհվել, քան հայրենիքի համար»,- հայտարարեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ