Համաձայն եմ Միքայել Մինասյանի հետ, և արձանագրում եմ, որ Փաշինյանի մոտ այս մեկուկես տարում չձևավորվեց պետական մտածելակերպ․ Գագիկ Համբարյան


19:41 , 17 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կիսում է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի մտահոգությունն ու գնահատականն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթը և նշում, որ Փաշինյանի մոտ բացակայում է պետական մտածելակերպը:  

«Ոչ միայն կհամաձայնվեմ պարոն Միքայել Մինասյանի հետ, այլ ավելին՝ ցավով եմ արձանագրում, բայց պարոն Փաշինյանի մոտ այս մեկուկես տարում ևս չձևավորվեց պետական մտածելակերպ, դա ամենամեծ խնդիրն է, և նրա շատ քայլերում ու որոշումներում ես տեսնում եմ իր անձնական ամբիցիայի, շահի ու անձնական վրեժխնդրություններից դրդված որոշումներ ընդունելը, որը ստորադասվում է պետության շահերի ու խնդիրների հետ»,-այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Համբարյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանի կողմից հրապարակված շատ-շատ թվեր չեն համապատասխանում իրականությանը: «Նա թվեր է հրապարակում առանց համապատասխան հղումների, դա պայմանավորված է երևի այն հանգամանքով, որ պարոն Փաշինյանը մտածում է, թե հասարակությունը դեռ հետհեղափոխական էյֆորիայից դուրս չի եկել և նրա ասածները կամ գրածներն ընդունելու է որպես վերջին ճշմարտություն: Բայց իրականում ես ինքս նրա հրապարակած թվերից 3-4 օրինակ ունեմ, որ բացահայտ ապատեղեկատվություն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է թերթի խմբագրի և վարչապետ լինելու զուգահեռներին, ապա քաղաքագետն ընդգծեց, թե պարոն Փաշինյանը, ցավոք, լրագրողական ամպուլայից այդպես էլ դուրս չեկավ: «Զարմանալի էր, որ Սահմանադրական դատարանի գործի քննության մերժման որոշումից հետո պարոն Փաշինյանը լայվ չմտավ, երևի հասկացել է, որ ամեն լայվ մտնելը ցույց է տալիս իր շատ ծանր հոգեվիճակի մասին և երևի հասկացել է, որ ամեն ինչը չի կարելի լայվերով լուծել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ