«Լավ դերասանը պետք է լավ վարձատրվի. երբ այս ոլորտում տեղ են տալիս ոչ պրոֆեսիոնալներին՝ բարձր գնահատելով նրանց, մի քիչ վիրավորական է». Անահիտ Կիրակոսյանը նոր ֆիլմում է նկարահանվում


15:00 , 17 հոկտեմբեր, 2019

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նկարահանվում է «Վերադարձ» գեղարվեստական նոր ֆիլմում: Նրա հերոսուհին ընտանիքին նվիրված մայր և կին է, որ կյանքի բերումով հայտնվում է դժվար իրավիճակում: Չնայած Անահիտի մասնակցությամբ դրվագները քիչ են, բայց ուրախ է, որ խաղում է ավելի լուրջ և դրամատիկ կերպարում: «Երբ ասացին, որ ընտրվել եմ այդ դերի համար, ուրախալի էր, քանի որ ինձ մեծ էկրանին տեսնելու են ավելի լուրջ և դրամատիկ կերպարում: Մարդիկ սովոր են ինձ տեսնել ավելի հումորային նախագծերում, իսկ այստեղ ես շատ հուզական եմ, էմոցիոնալ, բավականին լուրջ հոգեբանական կերպարում եմ»:

BlogNews.am-ի հետ զրույցում Անահիտը նշեց, որ նրան ընտրել են քասթինգին մասնակցելուց հետո. «Չեմ ընդունում այն խոսքը, երբ ասում են՝ ես էլ քասթինգների չեմ գնում, եթե Ալ Պաչինոն և Ռոբերտ Դե Նիրոն գնում են, ապա այստեղ խոսքը վարպետության մասին չէ բնավ, այլ ինքդ քեզ փորձելու: Գոյություն ունի դերասանների տեսակ, որ քասթինգի չի գնում՝ ասելով, որ, դե, գիտեն իմ կարողությունները: Ես երբևէ չեմ նեղվում գնալուց, որովհետև դա ոչ թե ունակությունների ստուգում է, կարող ես խաղալ, թե ոչ, այլ առհասարակ ստուգում է՝ տվյալ կերպարին համապատասխա՞ն ես, թե՞ ոչ: Հնարավոր է՝ դու փայլուն դերասանուհի լինես, բայց կերպարին համապատասխան չլինես: Այս տասներկու տարվա ընթացքում չի եղել դեպք, որ քասթինգի չմասնակցեմ, և բազմիցս եղել է, որ չեմ անցնել»:

«Վերադարձ» ֆիլմում Անահիտի խաղընկերը Սարգիս Գրիգորյանն է: Ֆիլմում նկարահանվում են նաև երեխաներ։ Չնայած այն կարծիքին, որ երեխաների հետ բարդ է նկարահանվելը, Անահիտը նշում է. «Ինձ համար այդ հարցը հեշտ էր, որովհետև երեխաների հետ առնչվելն ինձ համար արդեն մասնագիտություն է դարձել»:

Այն հարցին՝ ինչքանո՞վ է կարևոր հոնորարը, թե՞ լավ դերի համար կարելի է նաև զիջումներ անել, դերասանուհին պատասխանում է. «Իհարկե, կարևոր է, որովհետև ես գտնում եմ, որ լավ դերասանը պետք է լավ վարձատրվի: Հասկանում եմ, իհարկե, որ արվեստը պահանջում է նաև զիջումների գնալ, ինքս էլ այդպես անում եմ՝ հանուն շատ լավ գործի, բայց նաև չեմ հասկանում, որ այս ոլորտում տեղ են տալիս ոչ պրոֆեսիոնալների՝ բարձր գնահատելով նրանց։ Դա արդեն մի քիչ վիրավորական է: Դերասանը պետք է լավ վարձատրվի: Իհարկե, հոնորարը շատ տարբեր է՝ կախված նախագծից և այն մարդկանցից, ում հետ դու աշխատելու ես, դրա համար, որ ասեմ՝ ես շատ խիստ եմ այդ հարցում, ազնիվ չի լինի: Օրինակ՝ ես ուսանողական ֆիլմում առհասարակ անվճար եմ նկարահանվում, որովհետև հիշում եմ ինձ ուսանող տարիներին և հասկանում եմ, թե ինչքան կուզեի, որ ինձ էլ օգնեին»:  

Դերասանուհին զրույցի վերջում հոկտեմբերի 30-ին և 31-ին բոլորին հրավիրեց Կամերային երաժշտական թատրոն՝ վայելելու «Ննջասենյակային զավեշտ» ներկայացումը, որն, ի դեպ, պրեմիերա է:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի