Պոպուլիստի արցախյան օրագիրը


12:26 , 17 հոկտեմբեր, 2019

Բազմակարծությունը լավ բան է, բայց երբ բազմակարծություն է առանձին վերցրած մեկ գլխում, ապա դա շիզոֆրենիա է։

Դիտարկենք կոնկրետ օրինակ։

Նույն մարդը Արցախի մասով իրարամերժ տեսակետներ է հայտնել։ Սկզբում նա ասում էր, որ չի ներկայացնում արցախահայությանը, քանզի նրանցից մանդատ չի ստացել և, հետևաբար, չի կարող բանակցել Արցախի անունից։ Դրանից հետո նա հեղափոխական խրոխտությամբ հայտարարեց, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ։

Այդ խոսքերից հետո պաշտպանյալը սկսեց ինտենսիվորեն բանակցել Ալիևի հետ՝ անունը դնելով «շփումներ», «լիկբեզներ» և «հանդիպումներ»։ Հետո նա ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, ու բացի այդ՝ բերանը մինչև «բուլաթ» ատամը բացած հետևում էր, թե ինչպես է անհայտ մեկը Արցախի նախագահին դիմում «Արցախի մարզպետ» տարբերակով։ Պաշտպանյալն այս ամենին զուգահեռ հայտարարում է, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին։

Դե հիմա փորձեք տրամաբանություն և հետևողականություն գտնել պոպուլիզմի, դիլետանտիզմի ու դատարկիզմի այս խառնարանում։

Եթե «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», ու Բակո Սահակյանն էլ մարզպետ է, ուրեմն՝ դու ներկայացնում ես Արցախը և պետք է բանակցես նաև արցախահայության անունից՝ նախապես չմոռանալով ներկայացնել հակամարտության կարգավորման տեսլականդ, այլ ոչ թե թաքնվել «ժողովրդի» հետևում։ Ի դեպ, այս տարբերակում Արցախը չի կարող նստել բանակցային սեղանի շուրջ, քանզի պաշտոնապես հայտարարվել է, որ այն Հայաստան է, և վե՛րջ։

Եթե «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», ապա ինչպե՞ս ենք բավարարելու նաև Ադրբեջանի պահանջները, որի ղեկավարը բացականչական նշան է դնում «Արցախը Ադրբեջան է» խոսքերից հետո։

Ահա ձեզ քաղաքականությամբ զբաղվող առանձին վերցրած մեկ գլխում բազմակարծության դրսևորման կոնկրետ կլինիկական դեպք։