Իշխանությունն ուզում է անընդհատ ու բոլորին հաճելի լինել, դա պոպուլիզմի հիվանդագին ձևն է, բայց պետք է կայացնել ոչ պոպուլյար որոշումներ. Ազատ Արշակյան (Video)


22:23 , 16 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ոստիկանների թիրախավորումը մտահոգիչ է, գլխավոր թիրախներից են ԱԱԾ-ի և ոստիկանության նախկին պետերը, և պետության խնդիրն է նախկին և գործող ոստիկաններին հատուկ պաշտպանության տակ առնելը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ըստ նրա՝ ժամանակն է, որ ոստիկանությունը ևս փոխվի, և քաղաքացին ոստիկանին ընկալի որպես իրեն առաջինն օգնության հասնողի:

Արշակյանի կարծիքով՝ հեղափոխությունն անակնկալ էր նաև հեղափոխականների համար, նրանք չէին պատրաստվել պետական կառավարմանը. «Նիկոլ Փաշինյանն ինքն էլ չի մտածել, որ ինչ-որ պահի դառնալու է երկրի ղեկավարը և շրջապատի իրեն կադրերով: Վարչապետի շրջապատում վստահելի կադրերի դեֆիցիտ կա: Իսկ այդ վստահելիությունը պետք է գա բարձր մասնագիտական որակներից»:

Արշակյանի պնդմամբ՝ մենք այսօր չունենք արտաքին քաղաքական հայեցակարգ. «Մի քանի օր առաջ Բաքվում պանթուրքիստական համաժողովի ժամանակ ասվեց, թե Զանգեզուրը պատնեշ է իրենց ճանապարհին: Այնտեղ էին ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները, և նրանց ներկայությամբ այդպիսի հայտարարություն արվեց: Մեր պետությունը հակադարձե՞լ է»:

Ըստ քաղաքական գործչի՝ Փաշինյանը կարևոր դրական քայլ է արել Արցախի հարցում՝ պնդելով, թե կա՛մ պետք է ճանաչել Արցախն իբրև անկախ պետություն, կա՛մ նա Արցախում ևս պիտի դառնա ղեկավար, այսինքն՝ Արցախը փաստացի պետք է վերամիավորվի ՀՀ-ի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ