Եթե ադրբեջանցիները փորձեն սահմանը հատել, իրենք իրենց սեփական ականների վրա կպայթեն. Դավիթ Բաբայանը՝ տարածված տեսանյութի մասին


18:46 , 16 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Դեռ պետք է ուսումնասիրել՝ դա նոր տեսանյութ է, թե ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են փորձում ադրբեջանցիները հատել սահմանը:

Նա նշեց, որ նախկինում նման տեսանյութեր ևս տարածվել են, և մտահոգվելու խնդիր չկա: «Պետք է շատ սառնասրտորեն մոտենալ այդ բոլոր գործընթացներին, դա առաջին անգամը չէ  և վերջին անգամը չէ: Նրանք մի քանի անգամ եկել են,  նկարվել են, սելֆիներ են արել, որ հատում են «պատմական հայրենիքի» սահմանները և դրանով իրենց նեղ քաղաքական նպատակներն են փորձել լուծել, բայց դա ռեալ չէ և ծիծաղելի է»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ Ադրբեջանում կա մի կազմակերպություն, որը կոչվում  է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն», և նրանք մի երկու-երեք տարին մեկ նման «ակցիաներ» են փորձում կազմակերպել: «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սև փիառ, շանտաժ և նույնիսկ Ադրբեջանի իշխանությունները լավ հասկանում են, թե դա ինչ հետևանքներ կունենա, և չեմ կարծում, որ թողնեն, որ նրանք նույնիսկ մոտենան իրենց իսկ դիրքերին»,-ասաց նա:

Նա նշեց, որ հետևանքները շատ անկանխատեսելի կլինեն: «Նույնիսկ եթե մերոնք չկրակեն, այնտեղ այնքան ականապատված տարածքներ կան, որ անհնարին է, որ որևէ մեկը հատի սահմանը: Սա պարզ է, նույն Ադրբեջանի տարածքում է ականապատված, այսինքն` իրենք իրենց սեփական ականների վրա կպայթեն, և հետո բանակը ի՞նչ պետք է բացատրի սեփական հասարակությանը»,-ասաց նա և նշեց, որ այդ «ակցիաների» նպատակը իրենց մասին հիշեցնելն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ