Ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանին սպանած քաղաքացին բերման է ենթարկվել. նոր մանրամասներ


10:28 , 16 հոկտեմբեր, 2019

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը` ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման են ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամաբ սպանելու կասկածանքով։ Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ցավակցում ենք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան խոր վիշտը։