Արտաշատում թունավորված երեխաների վիճակը թեթև և միջին ծանրության է, հավանաբար, մոտակա ժամերին դուրս կգրվեն. բժիշկ


17:13 , 15 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Արտաշատի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք այս պահին ընդունվել է 25 հիվանդ, բոլորի վիճակը` միջին ծանրության, մինչև Ինֆեկցիոն բաժանմունք գալը 3 հիվանդ դիմել է մանկական բաժանմունք, նորից` միջին ծանրությամբ: Այս մասին Արտաշատի ԲԿ-ում Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Հայկուշ Հովակիմյանը` անդրադառնալով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցից Արտաշատի ԲԿ տեղափոխված երեխաների առողջական վիճակին:

Նա նշեց, որ այս պահին բոլորի վիճակը կայուն է: «Բոլորին ընդունել ենք որպես սննդային թունավորում ստացած, բոլորը նշում են, որ դպրոցում պիցցա են կերել, որից ընդամենը մեկ ժամ հետո սկսվել են կլինիկական նշանները` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, ցավեր էպիգաստրալ շրջանում: Մեծ մասն արդեն այդ վիճակից դուրս է եկել, երևի 1-1.5 ժամվա ընթացքում դուրս գրենք Ինֆեկցիոն բաժանմունքից, մյուսները դեռ կմնան հսկողության տակ»,- ասաց նա:

Արտաշատի ԲԿ-ի Մոր և մանկան գծով փոխտնօրեն Գրիգոր Շադյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց` երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, ծանր դեպքեր չկան: «Ամենայն հավանականությամբ, մոտակա ժամերի ընթացքում բոլորին կուղարկենք տուն»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ