Հակառուսական հռետորաբանությունը և Հայաստանի անվտանգությունը


20:36 , 14 հոկտեմբեր, 2019

Այսպես կոչված Թավշյա հեղափոխությունից հետո որոշ քաղաքական ուժեր, որոնք հատկապես հովանավորվում են Արևմուտքից, բավականին սաստկացրել են հակառուսական հռետորաբանությունն՝ այն համեմելով էժանագին կարգախոսներով, որով փորձում են ազդել հասարակության պողոսացված հոգեբանության վրա և հավատացնել վերջինիս, որ, ունենալով այսպիսի հարևաններ և գտնվելով այս տարածաշրջանում, Հայաստանն ի զօրու է միայնակ դիմակայելու մարտահրավերներին և պաշտպանելու իր անվտանգությունը։ Մշտապես քննադատել եմ թե՛ մեր իշխանությունների ռուսաստանամետ վասալային քաղաքականությունը, թե՛ Ռուսաստանի անտրամաբանական քայլերը Հայաստանի նկատմամբ։ Բայց այն, ինչ կատարվում է հիմա՝ մոլեգնող հակառուսական հռետորաբանությունը, և որքան կռահում եմ, այս ամենի մեջ ներքաշված են նաև իշխանությունները, մեծ վտանգ է իր մեջ պարունակում և կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ Հայաստանի համար։

Այո՛, հայ-ռուսական հարաբերություններում շատ բան պետք է փոխվի։ Այն կրկին պետք է վերածվի երկուստեք եղբայրական և ռազմավարական գործընկերային հարաբերությունների, քանի որ նախորդ իշխանությունների անգրագետ արտաքին քաղաքականության պատճառով այդ հարաբերությունները, բառիս բուն իմաստով, այլանդակվեցին և վերածվեցին վասալային հարաբերությունների՝ ի վնաս Հայաստանի։ Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է այդ ամենից վիրավորվածի կերպարանք ընդունենք և տուրք տանք նրանց, ովքեր, հովանավորվելով համապատասխան կենտրոններից և երկրներից, այժմ առիթավորվել են և փորձում են Երևանի և Մոսկվայի միջև գոյություն ունեցող բարդ հարաբերությունից դիվիդենտներ ստանալ և վտանգել մեր անվտանգությունը։

Այս գրառմանս առանցքն արևմտամետների և այսպես կոչված ազգայնականների այն թեզն է, որ մենք կարող ենք միայնակ պաշտապնել մեր սահմանները և ապահովել մեր անվտանգությունը։ Ստացվում է, որ ՀՀ բոլոր նախագահները և ներկայիս վարչապետը ստրկամիտ գործիչներ են, որ հայտարարում են, որ մեր ռազմավարական գործընկերը ՌԴ-ն է, իսկ անվտանգության կարևորագույն երաշխավորներից մեկը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան է։ Ի դեպ, հիշեցնեմ արևմտամետ կամ իրենց ազգային համարող այդ ուժերին, որ ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանում տեղակայելու մասին 1992 և 1995 թվականների համաձայնագրերը ստորագրվել են Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին։

Հետաքրքիր է, տեսնելով այն, ինչ 2011թ․-ից մինչ հիմա Թուրքիան իր թիկունքում կանգնած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի լռակյացության և թողտվության արդյունքում կատարում է Սիրիայում, իսկ մինչ այդ էլ՝ Իրաքում և Կիպրոսում, որևէ մեկի մոտ կարո՞ղ է կարծիք լինել, որ եթե 102-րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայված չլիներ, նույն Թուրքիան ինչ-որ պատրվակով չէր ներխուժի Հայաստան։ Օրինակ՝ օգտագործելով պարբերաբար Իրաքի հյուսիս ներխուժելու պատրվակը, «Քրդական բանվորական կուսակցության» բազաների ոչնչացման անհրաժեշտությունը՝ կարող էր մինի-հարձակում կազմակերպել Հայաստանի վրա ևս։ Ի դեպ, պաշտոնական Անկարան և Բաքուն վաղուց են Երևանին մեղադրում PKK-ի ռազմաբազաները Հայաստանում և Արցախում պատսպարելու մեջ։

Շատերը մտածում են, որ Հայաստանն ուրիշ է, և քրիստոնյա Արևմոտքը կկանգնի մեր թիկունքին։ Ո՛չ, չի կանգնի, ինչպես չկանգնեց բյուզանդացիների թիկունքին 1453թ․-ին և մեր թիկունքին՝ 1915-22 թվականներին, քանի որ Արևմուտքում հաշվի են նստում ուժեղի և հարուստի հետ։ Նույն Արևմուտքի մաս կազմող ԱՄՆ-ն երբեք չի պատերազմի իր գործընկերոջ՝ ՆԱՏՕ-ի կարևորագույն անդամ 80-միլիոնանոց և ռազմավարական տարանցիկ նշանակություն ունեցող Թուրքիայի դեմ փակուղում գտնվող և դեպի ծով ելք չունեցող 2,5-միլիոնանոց Հայաստանի համար։ Նույն ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ բացահայտ առճակատման չգնաց Վրաստանի և Ուկրաինայի պատճառով։

Մեկ անգամ բարձրաձայնել եմ, մեկ անգամ էլ կասեմ. վերջին տարիներին ՌԴ-ից հրաժարվող բոլոր երկրները ունեցել են տարածքային կորուստներ․ Վրաստանը կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան, Ուկրաինան՝ Ղրիմը և Դոնբասը։ Հայաստանը պատրա՞ստ է կորուստ ունենալուն։ Համոզված եմ՝ ոչ։ Իսկ մենք լավ գիտենք՝ ինչի մասին է խոսքը։

Հակառուսական հիստերիա հրահրողներին խորհուրդ կտամ մինչև Հայաստանից ռուսների վտարումը նախ՝ լուծել ամեն տարի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր 200-250 հազար հայաստանցիների աշխատանքի տեղավորման հարցը, իսկ հետագայում՝ ՌԴ-ում բնակվող մոտ 3 միլիոն մեր հայրենակիցների բնակության խնդիրը, քանի որ ՌԴ-ն բավական կոպիտ կարձագանքի Երևանի հակառուսական դեմարշին։ Տարրական անգրագետ և պրիմիտիվ են նրանք, ովքեր շատ լուրջ դեմքով հայտարարում են, որ ռուսական գազից հրաժարվելուց հետո գազ կգնեն Իրանից։ Հետաքրքիր է, նախ՝ որևէ մեկը հարցրե՞լ է Թեհրանին, թե վերջինս գազ կվաճառի՞ ՀՀ-ին, եթե Երևանը «ցտեսություն» ասի ռուսական գազին։ Համոզված եմ` Թեհրանը երբեք Մոսկվայի հետ չի փչացնի իր հարաբերությունները հայկական միկրո, բայց «հպարտ և հզոր» գազային շուկայի համար, եթե իսլամական հանրապետությունը համապատասխան մեսիջներ ստանա ՌԴ-ից։

Մեր «հպարտ և հզոր» ճարպիկների խնդիրն այն է, որ իրենք իրոք հավատում են, որ կարող են հզորների հետ խոսել իրենց ճարպկությամբ ու մտածել, որ դա վերջիններս չեն հասկանում։ Սակայն ամեն ինչ հասկանում են և շատ նվաստացուցիչ պատասխան են տալիս։ Օրինակ՝ այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ ՌԴ-ի նախագահին չդիմավորող վարչապետը երկու անգամ «ցտեսություն» է ասում նրան։

Հ.Գ. Մինչև հիմա պաշտոնական Մոսկվան Փաշինյանի հետ խոսելիս կիրառել է մեսիջային և փափուկ ուժի դիվանագիտություն, որը շատ դեպքերում կա՛մ արհամարհվել է, կամ էլ, իբր թե, չի հասկացվել։ Սակայն այն, ինչ ունի սկիզբ, ունի և վերջ։

Վերջը, որքան հասկանում եմ, մոտենում է. կթանկացնեն գազի գինը։ Իսկ թե հետո ինչ դիվանագիտություն կկիրառվի Երևանի հանդեպ, որը շարունակում է հակառուսական հռետորաբանության հեղինակների հետ ֆլիրտի մեջ գտնվել, ցույց կտա ժամանակը։