Դուխներդ տեղը պահեք, հայեր


12:42 , 3 հուլիս, 2013

Որքան զարգանա ու ծաղկի բաքուն, այնքան ավելի հեշտ կլինի պատերազմի դեպքում հաղթել ադրբեջանին: Լավ ապրող ու կյանքի հաճույքներից օգտվող քաղաքների բնակիչները հակված չեն պատերազմի: Սա, իմ դիտարկմամբ, բնորոշ է բոլորին, անկախ ազգային պատկանելությունից: Մյուս կողմից՝ հայկական բանակի մասին ծառայության տարիներին իմ ունեցած տեղեկություններից ելնելով` կարող եմ ենթադրել, որ պատերազմի վերսկսման դեպքում Արցախի տարածքից ոչ ճշգրիտ հրթիռային հարվածներ կհասցվեն բաքվին, ինչն անկասկած մեծ խուճապ կառաջացնի ադրբեջանի սրտում: Հավատացնում եմ ձեզ, այն, որ մենք կարող ենք հրթիռակոծել բաքում հենց Արցախի տարածքից, այդքան էլ ռազմական գաղտնիք չէ, և այդ մասին գիտեն շատ-շատերը: Պատերազմի մասնակից ազատամարտիկները միաբերան պնդում են, որ ադրբեջանցիների ամենաթույլ կողմը արագ խուճապի մատնվելն է, և հավանական պատերազմի դեպքում, իմ խորին համոզմամբ, հայկական կողմը կաշխատի հենց այդ ուղղությամբ: Քչերին է հայտնի նաև, որ մեծ դժվարություն չի հայկական կողմի համար միանգամից հարվածել ադրբեջանի խոշոր քաղաքներին և ջրամբարներին: Հայկական կողմն ունի նաև հզոր ՀՕՊ համակարգ և Արցախյան պատերազմի տարիներից մնացած և կատարելագործված, պրակտիկ փորձ ունեցող դիվերսիոն խմբեր, որոնք ի վիճակի են թշնամու թիկունքում վերացնել նույնիսկ ՍՄԵՐՉ համակարգերը: Պատերազմի տարիներին մերոնք բազմաթիվ անգամներ պայթեցրել են կրակի պատրաստվող ԳՌԱԴ համակարգեր: Հիշեք, որ ադրբեջանում իշխանության է մի կլան, որի ներկայացուցիչերն` ի դեմս հեյդար ալիևի, չեն ծառայել բանակում և չեն մասնակցել ռազմական գործողությունների, չեն էլ պատկերացնում, թե ինչ է պատերազմը, վստահ եմ, որ առաջին պայթյուններն անձամբ լսելուց հետո նրանք կամ կլքեն երկիրը, կամ արագ հրադադար կխնդրեն, քանզի կկորցնեն իրենց միլիարդներն, ու ընտանիքի անդամների անվտանգությունը հարցականի տակ կլինի: Որպեսզի չկարծեք, թե գունավոր ակնոցներով եմ նայում այս ամենին, ասեմ, որ պատերազմի առաջին րոպեներին չեմ բացառում մայրաքաղաք Ստեփանակերտի անդառնալի ռմբահարումը, սա իսկապես հնարավոր է, իսկ սա կանխելու համար շատ զգոն պետք է լինի հայկական հետախուզությունը: Դուխներդ տեղը պահեք, հայեր: