Երևանի գլխավոր ճարտարապետն արձագանքում է


11:40 , 3 հուլիս, 2013

Hetq.am-ը գրում է.

«Թրանսփարանսի ինթերնեյշնըլ»  ՀԿ` ՀՀ դատախազություն ներկայացրած դիմումի և ապա` ԶԼՄ-ներում տարածած հայտարարության մեջ բերված մեղադրական «փաստարկները»՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առնչությամբ՝  բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Իսկ հիմնավորումները հետևյալն են.

1.«Պատմության և հուշարձանների պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» գործող օրենքի /12.12. 98թ./ 8 և 13 հոդվածների համաձայն անշարժ հուշարձանների պետական ցուցակները հաստատում է ՀՀ կառավարությունը՝ լիազոր մարմնի ներկայացմամբ: 1992 թ.  ապրիլի 12-ի ՝ «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Երքաղգործկոմի որոշումը Երևան քաղաքի գործադիր կոմիտեի կողմից 2000 թվականի օգոստոսի 30-ին  ընդունված թիվ 1137  որոշմամբ չեղյալ անելու գործընթացը որևէ կապ չունի այդ ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանի լիազորությունների հետ: Սույն որոշումը ծնվել է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական ծառայությունների համապատասխան զեկուցագրի հիման վրա`  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին գործող նորմատիվ ակտերը համապատասխանեցնելու գործընթացների համատեքստում:

2. Երևանի քաղաքապետարանը 2000 թ. դիմել է ՀՀ կառավարությանը և  2001թ. կառավարության համապատասխան որոշում է ընդունվել Երևանի նոր գլխավոր հատակագիծ մշակելու համար: Այդ համատեքստում էլ մշակվել է Երևանի պատմամշակութային հիմնավորման նոր նախագիծ, որը  2005 թ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: Ինչ վերաբերվում է հուշարձանների ցուցակին կամ կատարված փոփոխություններին, այն ՀՀ-ում՝ և խորհրդային տարիներին, և հետագայում էլ բացառապես ՀՀ կառավարության լիազորությունն է, այլ ոչ թե՝ Երքաղգործկոմինը:

3. Անդրադառնալով խնդրո առարկա դիմում-հայտարարության տեքստում նշված  ինձ անծանոթ 25 հուշարձան-շենքերի հետ իմ ունեցած «առնչությանը», կարող եմ պնդել, որ իմ պաշտոնավարման տարիներին Հյուսիսային պողոտայի տարածքում  ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը պողոտայի տարածքում արտացոլել է  3 կամ 4  հուշարձան, որոնցից մեկը՝ ՀՀԿ հուշարձան-շենքը  իմ գործունեության շրջանում օրենքով սահմանված կարգով ապամոնտաժվել և ամբողջապես  վերակառուցվել է Մելիք Ադամյան փողոցում երկու տարի անց` 2004-ին: Ներկայիս «Արարատ» բանկի տեղում գտնվող հուշարձան-շենքի, Պուշկինի 28 շենքի, ինչպես նաև՝ Աբովյան փողոցի պատմական շենքի /այժմ՝ վերակառուցված/ ապամոնտաժումը իմ գործունեության տարիներին չի առնչվում: Խորենացի փողոցում, Շահումյան հրապարակում նախկին Դումայի շենքը ևս օրենքով սահմանված կարգով և համաձայն Երևանի գործող գլխավոր հատակագծի ապամոնտաժվել է` Երևանի Իտալիայի փողոցը կառուցելու համար: Հետագայում` 2009-10 թթ. իմ նախաձեռնությամբ  այդ շենքի ամբողջ ճակատը վերականգնվել է Մելիք-Ադամյան փողոցում կառուցվող ՀԲԸՄ շենքում: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նոր ցուցակի կամ 14 հուշարձանների տեղափոխման վերաբերյալ որոշումներն ինձ հետ չեն առնչվել, և ես այդ գործընթացին չեմ մասնակցել, քանի որ  շուրջ կես տարի արդեն Երևանի քաղաքապետարանում չէի աշխատում: Ընդ որում,  շեշտեմ՝ ոչ միայն այդ շենքերի հետ չեմ առնչվել, այլ նաև «Սևան» հյուրանոցի,  Սպայի տան, նրա հարևանությամբ՝ Դիլանյանցների շենքի, որոնց  վերաբերյալ  նույնպես տարիներ շարունակ Նարեկ Սարգսյանի անունն է շահարկվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ